ArmLur.am-ի ուսումնասիրությունը բացահայտում է մի հետաքրքիր և որոշ հարցեր առաջացնող պատկեր՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի ունեցվածքի, եկամուտների և մասնագիտական անցած ուղու վերաբերյալ։
Դավիթ Կարապետյանը պաշտոնը ստանձնել է 2024 թվականի մարտի 5-ին՝ մինչ այդ լինելով ԱԳ նախարարի խորհրդական։ Սակայն այստեղ առաջին կարևոր հակասությունն է ի հայտ գալիս․ ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը համարվում է բարձրագույն դիվանագիտական դիրքերից մեկը, մինչդեռ Կարապետյանը մասնագիտությամբ դիվանագետ չէ, այլ պատմաբան, և նրա կենսագրությունը ցույց է տալիս, որ մինչև պետական բարձր օղակներում հայտնվելը դիվանագիտական ոլորտում փորձ գրեթե չի ունեցել։
Նրա կարիերան ավելի շուտ կառուցվել է հանրային կապերի և հաղորդակցության ոլորտում՝ սկսած ՀՀ ԳԱԱ-ից մինչև միջազգային և տեղական կազմակերպություններ՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելություն, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ», «Վերադարձ Հայաստան», «Վորլդ Վիժն Հայաստան»։ 2017-ին արդեն ղեկավարել է «Ինեկոբանկ»-ի մարքեթինգը, ապա հիմնել սեփական ընկերություն։ Իսկ պետական համակարգ մուտքը տեղի է ունեցել 2018-ից հետո՝ արագ վերելքով՝ փոխվարչապետի օգնականից մինչև ԱԺ նախագահի խորհրդական և ԱԳ նախարարի թիմ։
Միաժամանակ նրա անձնական կյանքը ևս քաղաքական համատեքստ ունի․ նա ամուսնացած է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հետ։
Ո՞վ է Հռիփսիմե Գրիգորյանը
Հռիփսիմե Գրիգորյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ Նա ակտիվորեն ներգրավված է խորհրդարանական աշխատանքներում և ներկայացնում է իշխանական քաղաքական գիծը։ Մինչ պատգամավոր դառնալը նույնպես աշխատել է պետական համակարգում և քաղաքական շրջանակներում, համարվելով նոր սերնդի իշխանական կադրերից։
Գույք և ֆինանսական պատկեր
Կարապետյանի հայտարարագրերը ցույց են տալիս բավականին համեստ ակտիվներ, բայց միաժամանակ՝ զգալի վարկային բեռ։
2024 թվականի դրությամբ նա ունի՝
Երևանում (Կենտրոն վարչական շրջան) բաժնային սեփականությամբ ավտոտնակ և հողամաս (ստացված նվիրատվությամբ),
Տրանսպորտային միջոց՝ չի հայտարարագրել,
Բանկային հաշիվներում՝ մոտ 479 հազար դրամ,
Կանխիկ՝ 50 հազար դրամ,
Փոխառություններ՝ շուրջ 10.6 մլն դրամ։
Սակայն ամենաէականը վարկային պարտավորություններն են․
2024-ի վերջում դրանք կազմել են ավելի քան 76.5 մլն դրամ, կապված Չարենցի 45/1 հասցեում կառուցապատման հետ։ Միայն մեկ տարվա ընթացքում վարկի մարմանը ուղղվել է մոտ 9.9 մլն դրամ։
Եկամուտների դինամիկա
Վերջին տարիներին նրա եկամուտները եղել են՝
2024թ.՝ 14.29 մլն դրամ (հիմնականում աշխատավարձ ԱԳՆ-ից),
2023թ.՝ 10.59 մլն դրամ,
2022թ.՝ 9.84 մլն դրամ,
2021թ.՝ 35.9 մլն դրամ (որտեղ ներառված է նաև 25 մլն դրամ վարկ)։
Այս տվյալները ցույց են տալիս, որ իրական աշխատավարձային եկամուտները համեմատաբար միջին մակարդակի են, սակայն դրանց ֆոնին առկա է մեծածավալ վարկային բեռ, որը տարիներ շարունակ գրեթե չի նվազում։
Պատկերը, ընդհանուր առմամբ, երկակի է․ մի կողմից՝ բարձր պետական պաշտոն զբաղեցնող անձ, առանց դիվանագիտական փորձի, մյուս կողմից՝ համեմատաբար սահմանափակ հայտարարագրված ակտիվներ, բայց տասնյակ միլիոնների հասնող պարտավորություններ։
Սրան գումարվում է նաև քաղաքական ընտանիքի գործոնը՝ պատգամավոր կնոջ ներկայությունը, ինչը լրացուցիչ ուշադրություն է հրավիրում Կարապետյանի կարիերայի արագ աճի վրա։
Արդյունքում հարցերը մնում են բաց․ արդյո՞ք նման կենսագրությամբ և ֆինանսական պատկերով անձը համապատասխանում է երկրի կարևորագույն դիվանագիտական կառույցի բարձր պաշտոնին, թե՞ այստեղ ավելի մեծ դեր են խաղացել կապերն ու համակարգային ներգրավվածությունը։
Սոնա Գրիգորյան





























