Ադրբեջանի Միլի մեջլիսը որոշում է ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ՝ ԵԽ-ին մեղադրելով «հակաադրբեջանական գործունեության» մեջ։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվականները, խորհրդարանի հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը միջազգային խորհրդարանական կառույցների հետ հարաբերություններում առաջնորդվում է խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման սկզբունքներով՝ խրախուսելով բաց և կառուցողական երկխոսություն։
Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ Եվրոպական խորհրդարանի ներկայիս դիրքորոշումը, ըստ Բաքվի, հակասում է այդ սկզբունքներին և խոչընդոտում է համագործակցության զարգացմանը։
Միլի մեջլիսը պնդում է, որ Եվրոպական խորհրդարանը երկար տարիներ անտեսել է տարածաշրջանում տեղի ունեցած գործընթացները, այդ թվում՝ նախկին հակամարտության հետևանքները, իսկ վերջին շրջանում ընդունել է Ադրբեջանի դեմ ուղղված մի շարք բանաձևեր։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո Եվրոպական խորհրդարանի «հակաադրբեջանական հռետորաբանությունը» ուժեղացել է։
Որոշման համաձայն՝
- դադարեցվում է Ադրբեջանի Միլի մեջլիսի համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ,
- ավարտվում է մասնակցությունը ԵՄ–Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի աշխատանքներին,
- սկսվում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում անդամակցության դադարեցման ընթացակարգը, իսկ գործընթացի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի վեհաժողովի աշխատանքներին։
Հիշեցնենք, որ երեկ Եվրոպական խորհրդարանը ընդունել էր բանաձև, որով դատապարտում է հայ գերիների պահումը Ադրբեջանում և կոչ անում նրանց անհապաղ ազատ արձակել։
Անի Վարդանյան

























































































