Երևանում կայացած Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը նշանավորվել է մի շարք կարևոր փաստաթղթերի ստորագրմամբ, սակայն առանցքային թեման եղել է վիզաների ազատականացման գործընթացը։
Գագաթնաժողովի ընթացքում Եվրոպական միությունը Հայաստանի ներքին գործերի նախարարությանը փոխանցել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ առաջընթաց զեկույցը։ Փաստաթղթում արձանագրվել է Հայաստանի կողմից իրականացվող քայլերի դրական դինամիկան և ընդգծվել, որ անհրաժեշտ պայմանների լիարժեք կատարման դեպքում հնարավոր է հասնել ԵՄ–Հայաստան առանց վիզա ռեժիմի։
Միաժամանակ, կողմերը վերահաստատել են, որ վիզաների ազատականացումը կարևոր ուղղություն է, որը կարող է էականորեն հեշտացնել քաղաքացիների տեղաշարժը, խորացնել տնտեսական կապերը և ամրապնդել մարդկանց միջև կապերը։
Գագաթնաժողովի շրջանակում ստորագրվել է նաև Հայաստան–ԵՄ կապակցվածության գործընկերության փաստաթուղթը, ինչպես նաև նախաստորագրվել է Հայաստանի և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև սահմանների կառավարման ոլորտում համագործակցության պայմանավորվածությունը։
Բացի այդ, Եվրոպական միությունը հայկական մի շարք ընկերությունների և հիմնադրամների է հանձնել ներդրումային մտադրության վեց նամակ՝ տնտեսական համագործակցության խթանման նպատակով։
Գագաթնաժողովին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Անի Վարդանյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























