Armenian text to speach

Մերցը շարունակում է պնդել, որ լավ հարաբերություններ ունի Թրամփի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ինքը հավատարիմ է մնում լավ տրանսատլանտյան հարաբերություններին՝ չնայած Իրանի շուրջ հակամարտության շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարաձայնություններին։

«Մենք տարաձայնություններ ունենք, բայց ես կարող եմ ապրել դրանց հետ: Ես կշարունակեմ արտահայտել իմ կարծիքը։ Ես սա կքննարկեմ նրա (Թրամփի – խմբ.) հետ», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Կանցլերի խոսքով՝ ինքը պարբերաբար հեռախոսով զրուցում է ԱՄՆ նախագահի հետ։

«Լավ գործընկերությունը պետք է կարողանա հանդուրժել կարծիքների տարբերությունը», – ընդգծել է Մերցը։

Թրամփը վերջերս քննադատել էր Գերմանիայի կանցլերին, որը ապրիլի 27-ին նշել էր, թե արևմտյան երկրները թերագնահատել են Իրանին, և որ Միացյալ Նահանգները ռիսկի է դիմում երկար ժամանակով խրվել Մերձավոր Արևելքում հակամարտության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը Մերցին մեղադրել է անգործունակության մեջ և հայտարարել, որ Միացյալ Նահանգները քննարկում է Գերմանիայում ԱՄՆ ռազմական զորակազմի կրճատման հարցը։

Մայիսի 2-ին Պենտագոնի խոսնակը հաստատեց գերատեսչության որոշումը՝ 6-12 ամսվա ընթացքում Գերմանիայից դուրս բերել 5000 ամերիկացի զինծառայողի։




Լրահոս