ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակից չէ՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի Երևան այցի վերաբերյալ հնչող քննադատություններին։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը Ուկրաինային տրամադրել է հումանիտար օգնություն, և պաշտոնապես հստակեցրել է իր դիրքորոշումը․ «Ուկրաինայի հարցով մենք դաշնակից չենք Ռուսաստանի հետ»,- ընդգծել է Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային խաղաղության գործընթացների համար առանցքային նշանակություն ունի Ալմա-Աթայի հռչակագիրը, որի վրա, ըստ նրա, կառուցվում է նաև Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգը։
«Դուք գիտեք, թե Ալմա-Աթայի հռչակագիրն ինչ կարևոր և սկզբունքային նշանակություն ունի մեզ համար, և մենք հենվում ենք այդ հռչակագրի վրա ու այդ հիմքի վրա ենք կառուցում խաղաղությունը Ադրբեջանի հետ։ Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,- ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Երևան էր այցելել մայիսի 4-ին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
Անի Վարդանյան





























