Armenian text to speach

Էդմոն Մարուքյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ո՞վ է «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը և ի՞նչ կարողություն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը հերթով ներկայացնում են իրենց նախընտրական ցուցակները, իսկ հանրության ուշադրության կենտրոնում արդեն ոչ միայն անուններն են, այլև այդ անունների անցած ճանապարհն ու կուտակած կարողությունը։ «Ժողովուրդ օրաթերթը» շարունակում է ներկայացնել առաջադրված 19 կուսակցությունների և դաշինքների առաջնորդներին՝ նրանց կենսագրությունն ու ունեցվածքը։

Այս անգամ ներկայացնում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որի ընտրացուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ ընտրություններին մասնակցելով 19 համարի ներքո։

Ի՞նչ ունեցվածք ունի Էդմոն Մարուքյանը 

Էդմոն Մարուքյանի հայտարարագրի համաձայն՝ նա ունի ընդհանուր 7 միավոր անշարժ գույք, որոնք ներառում են բնակարաններ Երևանում և Վանաձորում, ավտոտնակներ, ավտոկայանատեղիներ և ոչ բնակելի տարածքներ։ Անշարժ գույքի մի մասը ձեռք է բերվել գնման եղանակով, իսկ մի մասը՝ նվիրատվությամբ։
Տրանսպորտային միջոցներից Մարուքյանը տվյալ տարվա սկզբում ունեցել է 2013 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը վաճառվել է 5,200,000 դրամով։ 2024 թվականին նա ձեռք է բերել նոր TOYOTA մակնիշի ավտոմեքենա՝ 12,000,000 դրամ արժողությամբ։
Բանկային հաշիվներում առկա են հետևյալ միջոցները՝ 22,033,762.40 դրամ, 2,643.75 եվրո և 1,380 ԱՄՆ դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմում են 2,000,000 դրամ։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա վերջում կազմել է 19,930,682.1 դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 2,904,578 դրամ։
Անցած ուղին
Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին Վանաձորում։ 2002 թվականին ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006 թվականին՝ Վարշավայի մարդու իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007 թվականին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան, իսկ 2010 թվականին՝ Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը՝ ստանալով մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2002-2004 թվականներին՝ որպես «Մեդիա Գրուպ» ՀԿ-ի իրավաբանական բաժնի ղեկավար։ 2007-2008 թվականներին դասավանդել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, իսկ 2007-2012 թվականներին եղել է «Պոպուլեքս» ՍՊԸ փաստաբանական գրասենյակի գործընկեր և փաստաբան։ 2009 թվականին աշխատել է որպես ավագ իրավաբան Լոռու մարզի ՇՊԱԿ-ում։ 2008 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ։
2015 թվականին հիմնադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։
2012-2017 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, այնուհետև 2017-2019 թվականներին՝ կրկին պատգամավոր «Ելք» դաշինքի կազմում։ 2018 թվականին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։
2022 թվականի մարտի 14-ին Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան, սակայն 2024 թվականի մարտին նա հրաժարական է ներկայացրել՝ նշելով արտաքին քաղաքական մի շարք հարցերի շուրջ կառավարության հետ ունեցած տեսլականների տարբերությունները։
Հրաժարականից հետո նա ընդգծել է, որ այդ տարաձայնությունները անհնարին են դարձրել իր հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական աշխատանքներում։
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը քաղաքական թիմով՝ իր կուսակցությունով դաշտ է մտել ընդդիմադիր «Ելք» դաշինքի շրջանակում՝ համագործակցելով նաև Նիկոլ Փաշինյանի հետ։ Սակայն դաշինքի փլուզումից հետո քաղաքական ուղիները բաժանվեցին․ Փաշինյանի թիմը ստանձնեց իշխանությունը ։
Հետագայում՝ ՔՊ իշխանության օրոք, Մարուքյանը նշանակվեց հատուկ հանձնարարություններով դեսպան, ինչը դիտարկվեց նախկին քաղաքական հակառակորդների միջև համագործակցության փուլ։ Սակայն այդ համագործակցությունը երկար չտևեց․ 2024-ին նա հրաժարական տվեց՝ հայտնելով արտաքին քաղաքական հարցերի շուրջ իշխանության հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունների մասին։

Սոնա Գրիգորյան




Լրահոս