Սևանի մասին օրենքի նոր նախագծում ռիսկերի մասին չի խոսվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԷկոԼուր» տեղեկատվական Հ/Կ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը, armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ի ընդունած այսօրվա օրենքին, այսպես արձագանքեց. «Սևանը խաղալիք չէ: ԱԺ-ն ընդունեց Սևանի մասին մի օրենք, որում չի խոսվում ռիսկերի մասին»:

Բնապահպանի խոսքով` փորձագետները վստահեցնում են, որ Արարատյան դաշտի չորացման վտանգի հետ կապված՝ 170 մլն խ/մ-ը լրիվ բավարար է Արարատյան դաշտը ոռոգելու համար, եթե լինի ճիշտ կառավարում: «Ինչ է, չե՞նք ուզում ճիշտ կառավարել այս համակարգը: 2012-ին 300 մլն խմ-ից ավել ջուր է բաց թողնվել Սևանից, ունեցել ենք բացասական բալանս, որի հետևանքների մասին ոչ ոք չի խոսել»,- մանրամասնեց  բնապահպանը` հավելելով, որ վերջին տարիներին Սևանի մակարդակը շատ քիչ ձևով է բարձրանում:

Զարաֆյանը նաև մտահոգիչ համարեց այն, որ տարիներ շարունակ խոսվում է ջրամբարների կառուցման մասին, բայց  այդ հայտարարությունները մնում են չիրականացված: ՀԿ-ի ղեկավարը հիշեցրեց՝ երբ իրենք այցելել են Արարատի մարզ և խոսել գյուղացիների հետ խնդրի մասին, վերջիններս ասել են.«Ինչպես թե՝ ջուր չկա Արարատյան դաշտում: Բա  մեր գյուղի լճերն ինչի՞ համար են»:

Տիկին Զարաֆյանի խոսքով`մի երկու գյուղում առաջարկել են հետևյալը. «Երբ մեր գյուղի լճերի ջրերն ավելանում են, կարելի է փոքրիկ ջրամբարներ սարքել, անցկացնել ջրատարներ»:

Կառավարությունը, սակայն, ըստ բնապահպանի՝ այդ քայլին չի գնում, որովհետև լճերից ամբարված ջրերի դիմաց փող չի ստանալու:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, բնապահպանը չցանկացավ արձագանքել`ասելով, որ ինքը ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանից ավելի լավ  չի կարող պատասխանել:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովն ընդունեց  «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի համաձայն` Սևանա լճից լրացուցիչ ջրբացթողումների ժամկետը, 240 միլիոն խմ 170 միլիոն խմ-ի փոխարեն, 5 տարուց կրճատվեց  մինչև 1 տարի: Նախագծի ընդունումից առաջ էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ և խիստ տոնով արձագանքեց բնապահպաններին` ասելով. «Եթե պրոբլեմներ են առաջացել, կապված բնակլիմայական պայմանների հետ, ի՞նչ եք առաջարկում, որ Արարատյան դաշտավայրը ջուր չունենա՞, բերք չունենանք, ինչ է ջուր չվերցնենք ավելցուկից»:

Սոնա Դավթյան




Լրահոս