Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը թիկնազորի դերում. վենդետաների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իրավապահ համակարգում խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել։ ArmLur.am-ին տեղեկություններ փոխանցվեցին, որ վերջին շրջանում աղմկահարույց սպանությունների քրեական գործերով ՀՀ քննչական կոմիտեն գրություններ է ուղարկում ոստիկանություն՝ հորդորելով ապահովել կոնկրետ անձանց անվտանգությունը։ Արդյունքում ոստիկանությունը, բուն գործերով զբաղվելուց զատ, ստիպված է ուժեր կենտրոնացնել սպանությունների գործերով անցնող անձանց, նրանց հարազատների, ինչպես նաև տուժողների ընտանիքների անվտանգության ապահովման վրա։ Ասել է թե՝ թիկնազոր է աշխատում:

Ստացվում է, որ աղմկահարույց քրեական գործերով հնարավոր վենդետաները կանխելու համար իրավապահ համակարգը հայտնվել է բավական բարդ և անելանելի վիճակում։ Ոստիկանությունը մի կողմից պետք է ապահովի հասարակական կարգը, մյուս կողմից՝ կանխի հնարավոր նոր հանցագործությունները այն համայնքներում, որտեղ սպանություններից հետո կրքերը դեռ չեն հանդարտվել։

Եվ այսպես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահներն այս օրերին ապահովում են Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրում 4 ժամվա ընթացքում 4 անձի կյանք խլած սպանության գործով կալանավորված, ՔՊ անդամ ներկայացած Թադևոս Հովակիմյանի հարազատների անվտանգությունը։

Մայիսի 6-ին էլ հայտնի դարձավ, որ սպանության փորձ է կատարվել Կոտայքի մարզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի պետ Գևորգ Սարգսյանի նկատմամբ։ Ըստ առկա տեղեկությունների՝ հանցագործությունը կատարած անձինք Հայաստան էին ժամանել Բելառուսի Հանրապետությունից։ Ներկա պահին ոստիկանությունը կրկին ուժեղացված հսկողություն է իրականացնում Գևորգ Սարգսյանի շուրջ, և ամբողջ օրվա ընթացքում ոստիկանները ապահովում են նրա անվտանգությունը։

Լարված իրավիճակ է նաև Արմավիրի մարզի Շենիկ գյուղում։ Գյուղում կրքերը դեռ չեն հանդարտվել։ 2,5 տարի առաջ տեղի ունեցած կռիվը վերածվել է սպանության, և ներկայումս Շենիկում ոստիկանները հսկողություն են իրականացնում ինչպես սպանության գործով կալանավորվածի, այնպես էլ տուժողների հարազատների նկատմամբ՝ հնարավոր վենդետան կանխելու նպատակով։

Նույն պատկերն է նաև Արմավիրի մարզի Փարաքար համայնքում։ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից արդեն 8 ամիս է անցել, սակայն Մերձավանում ոստիկանությունը շարունակում է անվտանգություն իրականացնել սպանության գործով կալանավորված անձանց և ենթադրյալ կատարողների տների մոտակայքում։ Նպատակը նույնն է՝ կանխել հնարավոր նոր մարդասպանությունը կամ վրեժխնդրության փորձը։

Այսպիսի օրինակները կարելի է շարունակել։ Աղմկահարույց սպանությունների գործերով մի շարք համայնքներում իրավիճակը շարունակում է լարված մնալ, իսկ ոստիկանությունը ստիպված է ոչ միայն հետաքննել և սպասարկել քրեական գործերի շուրջ ստեղծված իրավիճակը, այլև փաստացի կանխել նոր բախումներ ու հնարավոր վենդետաներ։ Թեև Փարաքարում դա հնարավոր չեղավ. Վալոդյա Գրիգորյանը սպանվեց:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս