Իրանից հեղուկ գազի ներմուծման հետ կապված խնդիրը լուծվել է, և առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի նաև իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը։
Ապարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հեղուկ գազի շուկայում վերջին օրերի իրավիճակին։
Պապոյանի խոսքով՝ մայիսի սկզբին Հայաստան մուտք գործող հեղուկ գազի ծավալները փոքր էին, ինչի հետևանքով շուկայում խնդիրներ էին առաջացել։
«Մեր պլան մինիմումն էր Հայաստանում ապահովել հեղուկ գազի ծավալը, և այսօր դա արդեն ապահովված է, Հայաստանում կա հեղուկ գազ բոլոր տեղերում»,- նշեց նա։
Նախարարը տեղեկացրել է, որ գազի գինը, որը նախկինում գերազանցում էր 300 դրամը, արդեն նվազել է։
«Ես նոր նայում էի Ապարանում գինը հիմա 240 դրամ է։ Արդյոք դա այն գի՞նն է, որը պիտի լինի։ Ես կարծում եմ՝ ոչ»,- ասաց Պապոյանը։
Նրա խոսքով՝ գների նվազման գործընթացը դանդաղ է ընթանում, սակայն շուկայի վրա կարող է ազդել իրանական հեղուկ գազի մուտքը։
«Իրանում Էկոնոմիկայի նախարարության կցորդը երեկ ինձ զեկուցել է, որ Իրանից հեղուկ գազի արտահանման խնդիրը լուծվել է։ Դա նշանակում է, որ առաջիկա օրերին Հայաստան մտնելու է նաև իրանական հեղուկ գազ»,- նշեց նախարարը։
Պապոյանը նաև հայտնել է, որ Ռուսաստանից հեղուկ գազի մատակարարումները ներկայում իրականացվում են անխափան, սակայն Ռուսաստանում գների աճ է արձանագրվել, ինչը նույնպես ազդեցություն է ունեցել հայկական շուկայի վրա։
«Ռուսաստանի Դաշնությունում գների աճ է տեղի ունեցել որոշակի, որը այստեղ իր ազդեցությունն է ունեցել»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանում արտահանման հետ կապված որոշ պետական տուրքեր ևս ազդեցություն են ունեցել գնի ձևավորման վրա։
Միաժամանակ Պապոյանը նշեց, որ կարճաժամկետ հատվածում նախկին գներին վերադառնալը քիչ հավանական է համարում։
«Այս փուլում կարճաժամկետում վերադարը հին գներին՝ մի քիչ պակաս իրատեսական եմ համարում»,- ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ Կառավարությունը շարունակում է աշխատել, որպեսզի թե՛ Իրանից, թե՛ Ռուսաստանից ավելի մեծ ծավալներով հեղուկ գազ ներկրվի Հայաստան, ինչը պետք է նպաստի գների հետագա նվազմանը։
Հեղուկ գազի գինը Հայաստանում մոտ մեկ ամիս առաջ 170-180 դրամ էր՝ մեկ խորանարդ մետրի դիմաց։ Սակայն ապրիլի կեսերից հեղուկ գազի գները սկսեցին բարձրանալ՝ հասնելով 280-300 դրամի՝ 1 խորանարդ մետրի դիմաց։ Հայաստանը հեղուկ գազ է ներմուծում Ռուսաստանից և Իրանից։ Իրանի դեմ փետրվարին ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած ռազմական գործողությունների պատճառով Իրանը դադարեցրել էր հեղուկ գազի արտահանում, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծման հետ կապված խնդիրներ էին առաջացել Վերին Լարսի անցակետում, ինչի հետևանքով հայկական շուկայում հեղուկ գազի դեֆիցիտ էր առաջացել։






























