ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Պեկին կատարած այցը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունները մեծ ուշադրության կենտրոնում են հայտնվել ոչ միայն Վաշինգտոնում ու Պեկինում, այլև Եվրոպայում։ Եվրոպական երկրներում մտահոգությամբ հետևում են, թե ինչ պայմանավորվածությունների կարող են հասնել երկու գերտերությունները առևտրի, անվտանգության, Թայվանի և Իրանի պատերազմի շուրջ քննարկումների ընթացքում։
Թրամփը Պեկին մեկնելուց առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Չինաստանը «երկու գերտերություններն» են՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն աշխարհում առաջին ռազմական ուժն է, իսկ Չինաստանը՝ երկրորդը։ Իր հերթին Սի Ցզինպինը խոսել է «Թուկիդիդեսի թակարդից» խուսափելու անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով այն տեսությունը, ըստ որի՝ աճող տերության և արդեն հաստատված գերտերության միջև մրցակցությունը հաճախ ավարտվում է պատերազմով։
Եվրոպայում մտավախություն կա, որ Վաշինգտոնն ու Պեկինը կարող են պայմանավորվածությունների հասնել՝ շրջանցելով եվրոպական շահերը։ Հատկապես զգայուն է համարվում հազվագյուտ հողային մետաղների հարցը, քանի որ Չինաստանը վերահսկում է այնպիսի ռազմավարական կարևորություն ունեցող 17 տարրերի մատակարարումները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից տեխնոլոգիաների արտադրության համար։ Փորձագետների գնահատմամբ՝ Պեկինը նախկինում արդեն օգտագործել է այդ լծակը՝ սահմանափակելով արտահանումը։
Գերմանական Marshall Fund հիմնադրամի փորձագետ Յոնաս Պարելլո-Պլեսները նշել է, որ Թրամփ-Սի բանակցությունները գնալով ավելի երկկողմ բնույթ են ստանում, իսկ Թրամփը «խոսելու է միայն իր անունից»։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միխայել Բլոսն էլ հայտարարել է, որ Եվրոպան փաստացի ներկա չէ բանակցային սեղանին, մինչդեռ քննարկվող հարցերը կարող են ուղղակիորեն ազդել մայրցամաքի ապագայի վրա։
Միաժամանակ Եվրոպայում շարունակվում են քննարկումները Չինաստանից կախվածության շուրջ։ ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները Կիպրոսում անդրադարձել են այն փաստին, որ Չինական ընկերությունները վերահսկում են Եվրոպայի մարտկոցների և էներգիայի պահպանման համակարգերի շուկայի մեծ մասը։ Ըստ Wood Mackenzie հետազոտական ընկերության տվյալների՝ Չինաստանին բաժին է ընկնում Եվրոպայի բնակարանային էներգիայի պահպանման շուկայի ավելի քան 80 տոկոսը և լիթիում-իոնային մարտկոցների ներմուծման գրեթե 88 տոկոսը։
Փորձագետները նշում են, որ Եվրոպան կարող է մասամբ նվազեցնել կախվածությունը Չինաստանից, սակայն առաջիկա տասնամյակում ամբողջ մատակարարման շղթայի փոխարինումը գործնականում անհնար է թվում։
Այս ֆոնին Եվրահանձնաժողովը նաև ուղարկում է պատվիրակություն Բուդապեշտ՝ քննարկելու Հունգարիային նախատեսված միլիարդավոր եվրոպական միջոցների ապաշրջափակման հնարավորությունները։ Քննարկվում է նաև հունգարական Exim Bank-ի միջոցով ֆինանսավորումը կազմակերպելու տարբերակը, թեև Բրյուսելում մտահոգություններ կան վերահսկողության թուլացման հետ կապված։
Անի Վարդանյան


























