Armenian text to speach

Ինչու՞ Դոնալդ Թրամփը որոշեց աջակցել Իրաքի վարչապետի թեկնածու Ալի ալ-Զաիդիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցություն է հայտնել Իրաքի վարչապետի թեկնածու Ալի ալ-Զաիդիին՝ քայլ, որը որոշ շրջանակների համար անսպասելի է համարվել։ Սակայն Վաշինգտոնի այս որոշման հիմքում, ըստ վերլուծությունների, հիմնական պատճառը Իրանի ազդեցության նվազեցման ռազմավարությունն է Իրաքում։

Իրաքի խորհրդարանի հիմնական դաշինքը՝ «Կոորդինացիոն շրջանակը», որը բաղկացած է շիա ուժերից և սերտ կապեր ունի Իրանի հետ, սկզբում աջակցել էր նախկին վարչապետ Նուրի ալ-Մալիքիին։ Սակայն ԱՄՆ-ի համար Իրանի կողմնակից թեկնածուի առաջադրումը համարվել է «կարմիր գիծ», հատկապես այն պայմաններում, երբ Իրաքում գործող իրանամետ զինված խմբավորումները շարունակում են հարձակումներ իրականացնել ամերիկյան շահերի դեմ։

Թրամփը հրապարակավ դեմ էր արտահայտվել ալ-Մալիքիի թեկնածությանը՝ նույնիսկ սպառնալով դադարեցնել Իրաքին տրամադրվող օգնությունը։ Վաշինգտոնը նաև ժամանակավորապես սառեցրել էր Իրաքի նավթային եկամուտներից փոխանցվող միջոցները, որոնք պահվում են Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում, ինչպես նաև դադարեցրել էր անվտանգության ոլորտում համագործակցությունը։

Այս ճնշումների ֆոնին Իրաքի քաղաքական դաշինքը, ըստ աղբյուրների, ստիպված է եղել փոխզիջման գնալ և համաձայնել Ալի ալ-Զաիդիի թեկնածությանը՝ որպես համաձայնեցված տարբերակ։

Ալի ալ-Զաիդին ներկայացվում է որպես 40-ամյա բանկիր, ով նախկինում քաղաքական պաշտոն չի զբաղեցրել և ղեկավարել է «Al-Janoob Islamic Bank»-ը։ Վաշինգտոնի գնահատմամբ՝ նրա քաղաքական փորձի բացակայությունը կարող է դիտվել որպես առավելություն՝ նրան դարձնելով ավելի չեզոք և ընդունելի տարբեր քաղաքական ուժերի համար։

Միաժամանակ նշվում է, որ թեև նրա ղեկավարած բանկը նախկինում հայտնվել է ֆինանսական վերահսկողության ուշադրության կենտրոնում, ինքը՝ ալ-Զաիդին, ԱՄՆ պատժամիջոցների տակ չի գտնվում, ինչը Վաշինգտոնի համար կարևոր հանգամանք է։

ԱՄՆ-ը նաև ակնկալում է, որ նոր կառավարությունը կոնկրետ քայլեր կձեռնարկի Իրանի հետ կապ ունեցող զինված խմբավորումների ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ։ Այդ պահանջների թվում են պետական կառույցներից զինված խմբերի դուրսբերումը, նրանց ֆինանսավորման դադարեցումը և պետական բյուջեից աշխատավարձերի վճարման բացառումը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները նշել են, որ Վաշինգտոնը չի հանդուրժի ամերիկյան շահերի դեմ հարձակումները և սպասում է Իրաքի իշխանությունների «հստակ գործողությունների»՝ իրանամետ խմբավորումների չեզոքացման ուղղությամբ։

Անի Վարդանյան




Լրահոս