Armenian text to speach

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի. Իվետա Տոնոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Կոտայքի մարզում մեծ թվով պարեկների են աշխատանքից ազատել, քանի որ նրանց ընտանիքի անդամները ԲՀԿ համակիրներ են։ Րոպեներ անց ՆԳՆ-ն շտապեց հերքել այս տեղեկատվությունը, սակայն այսօր արդեն պարզ դարձավ, որ այդ շտապողականությունն անտեղի էր, քանի որ ընդամենը րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյան փաստացի հաստատեց Գ. Ծառուկյանի այդ տեղեկությունը։ Ավելին՝ հավելեց, որ եթե դեռ չեն էլ հեռացվել, ապա անպայման պետք է հեռացվեն, քանի որ անգամ ինքը իր շրջապատից պաշտոն ունեցող այդքան մարդ չունի։

Նախ՝ օրենքի հետ ակնհայտ հակասություն ունեցող այս գնահատական-հրահանգը ուղիղ սպառնալիք է բոլոր ընդդիմադիր ուժերին ու գործիչներին։ Աբսուրդն էլ պետք է չափ ու սահման ունենա։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում․ եթե դու ունես իրավապահ կամ պետական համակարգում աշխատող բարեկամ, ծանոթ կամ հարևան, ուրեմն չե՞ս կարող որևէ քաղաքական ուժի համակրել կամ սատարել, որովհետև Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով նրանք կազատվեն աշխատանքից։ Իրականում այդպես էլ կա։

 Եվ երկրորդ՝ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ անգամ ինքը Ծառուկյանի նշածի չափ ծանոթ պարեկներ չունի, քանի որ իր շրջապատից մարդիկ չկան այդ համակարգում, թարմացնեմ նրա հիշողությունը։

 Այո՛, միգուցե պարեկներ չկան քո շրջապատից, փոխարենը՝ քո դասընկեր Վահե Ղազարյան մինչև վերջերս ՆԳՆ նախարար էր, քավորիդ՝ Հայկ Ղալումյան ներկայումս Տավուշի մարզպետն է, աներձագդ՝ Հրաչյա Հակոբյան արդեն երկրորդ անգամ պատգամավորի մանդատ է ստանում՝ «նվեր սերիալային փայլուն խաղի համար», «Հայկական ժամանակ»-ի նախկին լրագրող Վահագն Հովակիմյան այժմ ԿԸՀ նախագահն է, եղբորորդիդ՝ Սիփան Փաշինյան ԱԺ պատգամավոր էր, իսկ հետախուզման մեջ գտնվելուդ ընթացքում քեզ պատսպարած Հակոբ Սիմիդյան ՀՀ շրջակա միջավայրի նախարարն էր։ Այս շարքը դեռ շատ երկար կարելի է շարունակել։

 Ի դեպ, մի քանի այլ պաշտոններ էլ կան, որոնցում Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքն իրեն է նշանակել և այսօր էլ շարունակում է «աշխատել» այդ պաշտոններում․

  • Նիկոլ Փաշինյան — ՀՀ գլխավոր դատախազ
  • Նիկոլ Փաշինյան — ՀՀ ոստիկանապետ
  • Նիկոլ Փաշինյան — ՀՀ ԱԱԾ պետ
  • Նիկոլ Փաշինյան — տարբեր ատյանների դատավոր, ով քարոզարշավի ամեն օր որևէ մեկին դատավճիռներ է կարդում։



Լրահոս