Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Երեխուս սպանել են». ո՞վ էր Փաշինյանին մոտեցող տղամարդը. 15-ամյա դպրոցականի ծեծն ու առեղծվածային մահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում էր, երբ նրան մոտեցավ Արմավիրի մարզի բնակիչներից մեկը և ասաց, իր երեխային 2023-ին սպանել են դպրոցում, մինչև էսօր պատասխան չեն տալիս:

Ի՞նչ դեպքի մասին էր խոսում բնակիչը և ՀՀ վարչապետից արդարություն ակնկալում:

2023 թվականին Վաղարշապատի Մ. Գորկու անվան դպրոցի 15-ամյա աշակերտ Նարեկ Հովհաննիսյանը մահացել էր: Մահացած պատանու հորաքույր Կարմեն Հովհաննիսյանը պատմել էր, որ դպրոցում երեխային ծեծել են «արա» բառի համար: Հաջորդ օրը ոտքը գետնին չի կարողացել դնել, նաև միջնամատն է երկու օրվա ընթացքում այտուցվել: Հետո գնացել է գյուղ՝ հոր ֆերմա ու տատիկի տուն, թույլ է զգացել, պառկել է, հայրը նախ Էջմիածնի, հետո երևանյան հիվանդանոց է տարել:

Հորաքույրը պնդում է՝ դպրոցը թաքցնում է, որ եղբոր որդուն ծեծել են Էջմիածնի բժիշկներից մեկի ու դպրոցի փոխտնօրենի տղաները: Պահանջում է, որ իրավապահներն արդար քննություն իրականացնեն ու պատժեն մեղավորներին:

Իսկ ինչո՞ւ է պատանու հայրը հիվանդանոցում ու ոստիկանությունում հայտարարել, թե որդին ծեծի չի ենթարկվել, այլ՝ հեծանիվից է ընկել, հորաքույրն ասում է՝ դա մահացած զարմիկի խնդրանքն է եղել:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից փոխանցել էին, որ նախքան իրենց մոտ տեղափոխվելը ձեռքի և ոտքի ցավեր ունեցող տղան նախ Էջմիածնի պոլիկլինիկայում է առաջին բուժօգնություն ստացել, դրանից 5 օր անց իրենց մոտ է տեղափոխվել ավելի ուժեղ ցավերով, բայց ցուցաբերված բուժօգնությունից հետո ծնողները հրաժարվել են հոսպիտալացումից։ Նույն օրը՝ երեկոյան, սակայն, երեխայի մոտ սկսվել է շնչառական անբավարարություն՝ հևոց ու նա կրկին ընդունվել է հիվանդանոց՝ երկկողմանի թոքաբորբով, լյարդի մեծացմամբ ու սեպսիսով, սա արյան վարակն է, նրա կյանքը փրկել չի հաջողվել:

«Էջմիածնի բժիշկ Կոնդյանի թոռը ծեծել է իմ բալին, դպրոցի փոխտնօրենի տղեն ծեծել է իմ բալին, կամերաները ֆիքսել են։ Ծեծել են։ Նարեկս ասաց՝ երեք հոգով են ծեծել, հիմա երկուսի անունը գիտենք»,- հայտարարել էր երեխայի հորաքույրը:

Էջմիածնի թիվ 5 ավագ դպրոցի տնօրենը հերքել էր , թե իրենց 15-ամյա աշակերտը մահացել է դպրոցում տեղի ունեցած ծեծի հետևանքով: Ըստ տնօրենի՝ երեխան մահացել է այս դեպքից ավելի քան 2 շաբաթ անց։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս