Մայիսի 16-ին Նուբարաշենի հոգոբուժարանում ինքնասպան էր եղել Արմեն Հովհաննիսյանը, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունեցել։ Նա ձերբակալվել էր նախընտրական պաստառ պոկելու համար, ինչի կապակցությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել։
ՔԿ-ից հայտնել էին, որ․ «Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)»։ Այսինքն՝ նախընտրական պաստառ պոկելը որակվել է որպես նախընտրական քարոզչությանը խոչընդոտում, որի համար քաղաքացին ձերբակալվել և ներկայացվել է Քննչական կոմիտե։
Ավելի ուշ նրան տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան, որտեղ նա 5-րդ բաժանմունքի առաստաղի խողովակից սավանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ ArmLur․am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Հովհաննիսյանը 2020 թվականից հաշվառված էր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում, ապրում էր մոր հետ, 51 տարեկան էր։
Փաստաբանական համայնքը հայտնել էր․ «Ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե առանձին ողբերգության, այլ իրավապահ համակարգի ծանրագույն ապօրինության հետ։
Պաստառ պոկելու արարքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հստակ նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.11 հոդվածով և չի կարող ծառայել որպես քրեական վարույթ նախաձեռնելու կամ առավել ևս՝ անձին քրեադատավարական կարգով ձերբակալելու հիմք։ Սա տարրական իրավական ճշմարտություն է, որը պարտավոր էին իմանալ և հաշվի առնել բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք ներգրավված են եղել տվյալ գործընթացում։
Սակայն Հայաստանում ձևավորվել է մի իրականություն, որում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական սպասարկման գործիքի, իսկ օրենքը՝ կամայական մեկնաբանությունների առարկայի։ Երբ վարչական բնույթի արարքի համար մարդուն ենթարկում են քրեական հետապնդման մեթոդներին, դա արդեն ոչ թե իրավական գործընթաց է, այլ պետական բռնաճնշում»։
ArmLur.am-ը զրուցել է Արարատի մարզի Նշավան համայնքի բնակիչների հետ։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























