ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական է նշանակվել Ամբակում Գրիգորյանը։ ArmLur.am-ը ուսումնասիրել է նորանշանակ պաշտոնյայի կենսագրությունն ու հայտարարագրած ունեցվածքը։
Ամբակում Սեյրանի Գրիգորյանը ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Երևանում։
1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարան-ի իրավագիտության ֆակուլտետը։ 1999-2001 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Ամբակում Գրիգորյանի աշխատանքային ուղին հիմնականում կապված է եղել իրավապահ համակարգի հետ։ 2000-2005 թվականներին աշխատել է ՀՀ դատախազության Մարտակերտի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես քննիչ-ստաժոր, ապա քննիչ։ Այնուհետև եղել է Երևանի կայազորի զինվորական դատախազության քննիչ, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության դատախազ և ավագ դատախազ։
2009-2013 թվականներին զբաղեցրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնը, իսկ հետագայում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ոստիկանության և Քննչական կոմիտեի համակարգերում։ 2018-2021 թվականներին եղել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ։
2021 թվականից տեղափոխվել է արդարադատության համակարգ, որտեղ նախ զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը, ապա՝ քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը։
Հայտարարագրի համաձայն՝ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ Ամբակում Գրիգորյանը համատեղ սեփականությամբ Երևանում ունի բնակարան, ավտոկայանատեղի և անհատական բնակելի տուն։ Բնակարանն ու ավտոկայանատեղին ձեռք են բերվել 2022 թվականի մայիսի 11-ին, իսկ բնակելի տունը՝ 2011 թվականի հոկտեմբերի 28-ին։
Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1 միլիոն 501 հազար 4 դրամ։ Կանխիկ միջոցները հայտարարագրվել են 10 հազար ԱՄՆ դոլար և 25 միլիոն դրամ։
Հաշվետու ժամանակահատվածի եկամուտները կազմել են 27 միլիոն 605 հազար 767 դրամ։
Միևնույն ժամանակ Գրիգորյանը հայտարարագրել է նաև 45 միլիոն 381 հազար 735 դրամի վարկային պարտավորություն, որը հիմնականում ուղղված է եղել բնակարանի և ավտոկայանատեղիի ձեռքբերմանը։ Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 6 միլիոն 676 հազար 570 դրամ։
Սոնա Գրիգորյան






























