2025 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ասման Կարապետի Ասատրյանը, Կարապետ Ասմանի Ասատրյանը, Մասիս Կորյունի Ասատրյանը, Արթուր Ռաֆիկի Թադևոսյանը, Արման Արթուրի Թադևոսյանը, Արտակ Արթուրի Թադևոսյանը և Նարեկ Վլադիմիրի Գինոսյանը գտնվել են Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս բնակավայրի Սահմանապահների և Բարեկամության փողոցների խաչմերուկի հարակից տարածքում, որտեղ զրուցել են Արման Թադևոսյանի կողմից անասնակեր ձեռք բերելու հարցի շուրջ։
Նույն ժամանակահատվածում նշված վայրով անցել է Գրիգոր Հրաչյայի Բուդուրյանը՝ իրեն պատկանող շների հետ միասին, որոնցից մեկը դիպչել է Ասման Ասատրյանին, ինչից վախենալով՝ վերջինս հայհոյել է շանը, որից հետո Գրիգոր Բուդուրյանը շների հետ միասին հեռացել է այդտեղից։
Որոշ ժամանակ անց Գրիգոր Բուդուրյանը զանգահարելով Ասման Ասատրյանին, իր շանը հայհոյելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, սակայն չբավարարվելով հեռախոսային խոսակցությամբ և կրկին վերադառնալով նույն վայր՝ շարունակել է վիճաբանությունը, որի ընթացքում վերը նշված անձանց հետ առաջացած քաշքշուքի ժամանակ, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով հարվածել է Արման Թադևոսյանի կրծքավանդակի ձախ կեսին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի շրջանի ծակած-կտրած՝ կրծքավանդակի խոռոչ չթափանցող վերքի ձևով, առողջության կարճատև քայքայումով վնասվածք, որից հետո, երբ վերը նշված անձինք ձեռքից վերցրել են դանակը, Գրիգոր Բուդուրյանը, հնչեցնելով «սպասեք, հեսա գալիս եմ» արտահայտությունը, հեռացել է։
Չհամակերպվելով կատարվածին՝ Գրիգոր Բուդուրյանն անմիջապես գնացել է իր բնակության հասցե՝ Արմավիրի մարզի Արաքս բնակավայրի Ֆ. Մկրտչյան փողոցի 5-րդ տուն և իր հետ վիճաբանած անձանց պատժելու նպատակով վերցնելով «AK-74» տեսակի, «1329747» գործարանային համարի հրազեն հանդիսացող ինքնաձիգը և ապօրինի կրելով այն՝ վերադարձել է նույն վայր։
Տեսնելով նույն վայրում կողք-կողքի կանգնած, միմյանց հետ զրուցող Մասիս Ասատրյանին, Ասման Ասատրյանին, Կարապետ Ասատրյանին, Արթուր Թադևոսյանին, Արման Թադևոսյանին, Արտակ Թադևոսյանին և Նարեկ Գինոսյանին՝ գիտակցելով իր գործողությունների բնույթն ու վտանգավորությունը, Գրիգոր Բուդուրյանը մոտեցել է նրանց, որի ընթացքում վերջիններիս ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ նշանառու կրակով մոտ տարածությունից կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ, սակայն իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը՝ Ասման Ասատրյանին, Կարապետ Ասատրյանին, Արթուր Թադևոսյանին, Արման Թադևոսյանին, Արտակ Թադևոսյանին և Նարեկ Գինոսյանին ապօրինաբար կյանքից զրկելը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ փախուստի դիմելու և թաքնվելու արդյունքում նրանց հաջողվել է խուսափել կրակոցներից։
Շարունակելով իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելուն ուղղված գործողությունները և նկատելով, որ Մասիս Ասատրյանը, չհասցնելով փախուստի դիմել, թաքնվել է դեպքի վայրում գտնվող «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի մոտ, Գրիգոր Բուդուրյանը մոտեցել է նրան և ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ նշանառու կրակով մոտ տարածությունից առնվազն չորս կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ Մասիս Ասատրյանին պատճառելով աջ ազդրի վերին երրորդականի կողմնային մակերեսից սկսվող, փափուկ հյուսվածքների և մկանների հաստության միջով անցնող, իր ընթացքով միջանցիկ կերպով մկանները, նյարդանոթային խրձերը վնասող և հետույքի ձախ կեսի ստորին ներսային քառակուսու պրոյեկցիայով ավարտվող, ձախ ազդրի վերին երրորդականի միջային մակերեսից սկսվող, փափուկ հյուսվածքների և մկանների հաստության միջով անցնող, իր ընթացքով միջանցիկ կերպով մկանները, նյարդանոթային խրձերը վնասող և ձախ ազդրի միջին երրորդականի հետին կողմնային մակերեսի շրջանում ավարտվող, աջ սրունքի վերին երրորդականի կողմնային մակերեսից սկսվող, իր ընթացքով միջանցիկ կերպով մաշկը, մկանները, նյարդանոթային խրձերը վնասող և աջ սրունքի վերին միջին երրորդականի հետին մակերեսին ավարտվող, ինչպես նաև ձախ սրունքի վերին երրորդականի ներսային մակերեսից սկսվող, իր ընթացքով միջանցիկ կերպով մաշկը, մկանները, նյարդանոթային խրձերը և ձախ սրունքի զույգ ոսկրերը վնասող, ձախ սրունքի վերին միջին երրորդականի կողմնային մակերեսին ավարտվող թվով չորս միջանցիկ հրազենային վնասվածքներ, որից հետո դիմել է փախուստի։
Կատարվածի հետևանքով Մասիս Ասատրյանը մահացել է։

























