Շանթ Հարությունյանի կալանքը շարունակում են երկարաձգել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը համոզված է, որ իր հանդեպ հետապնդումներ է իրականացնում ռուսական «ԿԳԲ»-ն:

Հարությունյանն այսպիսի հայտարարություն է արել այն ժամանակ, երբ իրեն հայտնել են, որ կալանքի ժամկետը ևս 2 ամսով կերկարաձգվի:

Armlur.am-ին այս մասին տեղեկացրեց Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը` միաժամանակ նշելով, որ նախաքննող մարմինը միջնորդություն է ներկայացնել դատարան` կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու պատճառաբանությամբ:

Փաստաբանի փոխանցմամբ` քննիչի փաստարկներով քրեական գործի նյութերը գտնվում են նախապատրաստման փուլում, պաշտպանները ծանոթանում են քրեական գործին և, փաստորեն, խափանման միջոցի ժամկետը մայիսի 5-ին լրանում է:

«Նրանք պետք է գործի նյութերը հանձնեին դատարան, բայց անգամ փաստաբաններիս նոր է փոխանցվել, Շանթ Հարությունյանին էլ` երեկ: 11 հատորից 5-ը երեկ է տրվել: Դա, իհարկե, իրենց մեղավորությունն է»,- գնահատեց Շանթ Հարությունյանի իրավապաշտպանը` հայտնելով նաև, որ կա մեկ ուրիշ խնդիր, որի մասին ինքն ավելի ուշ կհայտարարի:

Փաստաբանը հայտնեց նաև, որ Շանթ Հարությունյանը չէր ցանկացել մասնակցել դատական նիստին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանն ու մի քանի համախոհներ, հեղափոխություն սկսելու նպատակով, բենզինով լի շշեր էին պայթեցրել, երբ ոստիկանները թույլ չէին տվել նրանց շարժվել Բաղրամյան պողոտա: Բախումների հետևանքով ավելի քան 2 տասնյակ մարդ բերման էր ենթարկվել:

Տաթև Հարությունյան




Լրահոս