«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արդեն երրորդ տարին անցկացվող «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովի կազմակերպման վրա պետական բյուջեից ծախսվել է աստղաբաշխական գումար։ Մասնավորապես, 31 մլն 251 հազար դրամ ծախսվել է կոնստրուկցիաներ, լույսեր ու ձայնային համակարգեր ձեռք բերելու համար, բեմահարթակի համար՝ 22 մլն 992 հազար դրամ, թարգմանչական համակարգերի ու թարգմանիչների ծառայության համար վճարվել է 4 մլն 131 հազար, իսկ նկարահանման լուսարձակների, եռաչափ միջանցքի ու օպերատորի ծառայության համար՝ 6 մլն 626 հազար դրամ։
Հայաստան ժամանած պատվիրակությունների անդամներին ընդհանուր 3 մլն 565 հազար դրամ արժողությամբ 310 նվերի տուփ է պատվիրել նախարարությունը, որի մեջ եղել են մեղր, թեյեր, չրեր։ Գրիչների, թղթապանակների ու բլոկնոտների համար ծախսվել է 2 մլն 771 հազար դրամ։ Ընդ որում՝ թղթապանակներն ու բլոկնոտները ձեռք են բերվել նույն տնտեսվարողից՝ «Անյուտա Մանուկյան ԱՁ»-ից, սակայն գնումը ձեւակերպվել է 3 առանձին պայմանագրով, որպեսզի յուրաքանչյուր պայմանագիր չգերազանցի 1 մլն դրամը եւ համապատասխանի մեկ անձից կատարվող գնման պահանջին։
Այսպիսով համաժողովի միայն կազմակերպչական մասի վրա ծախսվել է 71 մլն 336 հազար դրամ կամ 195 հազար դոլար։ Սակայն համաժողովի անբաժան մասն է կազմել նաեւ հարյուրավոր հյուրերի գիշերակացը, ինչպես նաեւ՝ սնունդը։ Թեեւ 2024 թվականից կազմակերպվում է այս համաժողովը, սակայն մինչ այժմ հանրությանը չի ներկայացվել որեւէ շոշափելի արդյունք՝ ո՛չ ներդրումային մեծ ծրագրերի, ո՛չ ստորագրված ռազմավարական համաձայնագրերի, ո՛չ էլ տարածաշրջանային քաղաքական բեկման տեսքով։ Իշխանությունները համաժողովը ներկայացնում են որպես միջազգային դիվանագիտական հարթակ, սակայն երեք տարվա ընթացքում այն ավելի շատ մնացել է քննարկումների եւ ելույթների մակարդակում։ Չկան հրապարակված տվյալներ, որ «Երեւանյան երկխոսությունը» Հայաստանին բերել է տնտեսական նկատելի արդյունք, նոր աշխատատեղեր, անվտանգության ոլորտում գործնական ձեռքբերումներ կամ Հայաստանի դիրքերի էական ուժեղացում։
Այս տարի համաժողովն անցկացվել է «Անցնելով փոթորիկների միջով» խորագրով եւ ունեցել է վեց հիմնական ուղղվածություն․ «Աշխարհաքաղաքական բաժանումներից անդին», «Գլոբալ փոխկապակցվածություն», «ԵՄ ընդլայնում եւ եվրոպական ինտեգրում», «Ժողովրդավարական դիմակայունություն, հիբրիդային սպառնալիքներ եւ ԱԲ», «Կանաչ փոխակերպում», «Տեխնոլոգիաներ եւ անվտանգության ճարտարապետություն»։ ԱԳՆ-ն հայտարարում էր, որ համաժողովը պետք է դառնա միջազգային երկխոսության կարեւոր հարթակ, որտեղ քննարկվելու են աշխարհաքաղաքական փոփոխությունները, անվտանգության համակարգերը եւ նոր համագործակցության ուղիները։ Սակայն մինչ օրս չի հրապարակվել հաշվետվություն, թե նախորդ երկու համաժողովների արդյունքում կոնկրետ ինչ է ստացել Հայաստանը։ Չկան նաեւ հանրային տվյալներ, որ այս միջոցառման արդյունքում Հայաստան են բերվել խոշոր ներդրումներ, բացվել նոր տնտեսական նախագծեր կամ լուծվել արտաքին քաղաքական որեւէ առանցքային խնդիր։ Այս ֆոնին շուրջ 200 հազար դոլար ծախսելը հարց է առաջացնում՝ արդյո՞ք պետական միջոցներով կազմակերպվող այս համաժողովն իրական արդյունավետություն ունի, թե՞ մնացել է բարձր մակարդակի, բայց հիմնականում խորհրդանշական միջոցառման շրջանակում։ Իսկ կենցաղային լեզվով ասած` ոմանք «փող են լվանում»՝ անհասկանալի մի գործընթացի վրա ծախսելով հանրային միջոցները»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:


























































































