ArmLur.am-ը քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ իրենց հեռախոսահամարներին կարճ հաղորդագրություններ են ուղարկվում՝ հղումով դեպի հակակոռուպցիոն բովանդակություն ունեցող կայք։ ArmLur.am-ին փոխանցված սքրինշոթից երևում է, որ հաղորդագրությունը ստացվել է The-RA-ACC անվամբ ուղարկողից։ SMS-ում նշվում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հետամուտ է քննության առարկա դարձած դեպքերի բացահայտմանը և հիշեցվում է, որ քննության ընթացքը ստանալու համար սահմանված է 7 տարի ժամկետ։ Հաղորդագրության վերջում առկա է հղում՝ anticorruption.am կայքին։

Առաջին հայացքից սա կարող է ընկալվել որպես պետական մարմնի իրազեկման արշավ։ Սակայն այստեղ առաջանում է մի կարևոր և սկզբունքային հարց․ ինչպե՞ս և ի՞նչ իրավական հիմքով են քաղաքացիների հեռախոսահամարները հայտնվել այդ հաղորդագրություններն ուղարկող համակարգում։ Եթե SMS-ները ուղարկվում են պետական մարմնի կամ պետական մարմնի պատվերով գործող կազմակերպության կողմից, ապա անհրաժեշտ է պարզել՝ արդյոք տվյալների մշակման համար եղել է օրինական հիմք, արդյոք քաղաքացիները տվել են իրենց համաձայնությունը, և արդյոք պահպանվել են անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով սահմանված պահանջները։
Խնդիրն առավել զգայուն է այն պատճառով, որ խոսքը ոչ թե սովորական գովազդային հաղորդագրության, այլ պետական մարմնի անունից ուղարկվող բովանդակության մասին է։ Նման դեպքերում քաղաքացին պետք է հստակ իմանա՝ ով է մշակել իր հեռախոսահամարը, ինչ աղբյուրից է այն ձեռք բերվել, ինչ նպատակով է օգտագործվում և արդյոք ինքը կարող է հրաժարվել նման հաղորդագրություններ ստանալուց։ Հակառակ դեպքում ստացվում է իրավիճակ, երբ պետական մարմնի անունից քաղաքացիների հետ կապ է հաստատվում՝ առանց նրանց համար պարզ դարձնելու, թե անձնական տվյալների օգտագործման շղթան որտեղից է սկսվում և ով է դրա համար պատասխանատու։
Ինչ իրավական հիմքով են ուղարկվում այս SMS-ները, որ տվյալների բազայից են վերցվել քաղաքացիների հեռախոսահամարները, ով է իրականացրել հաղորդագրությունների տեխնիկական ուղարկումը, և արդյոք քաղաքացիների համաձայնությունը ստացվել է։ Մինչ այդ քաղաքացիների շրջանում շարունակում է քննարկվել գլխավոր հարցը․ եթե պետական մարմինը կարող է քաղաքացիներին նման SMS ուղարկել, ապա արդյոք քաղաքացիների անձնական տվյալները պատշաճ պաշտպանվա՞ծ են, թե՞ դրանք օգտագործվում են առանց բավարար թափանցիկության։
Սոնա Գրիգորյան





























