ՎԱՐԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեռ չհաղթահարված առաջին եւ առավել եւս չհաղթահարվելիք երկրորդ ալիքների արդյունքում Հայաստանի տնտեսությունը կանգնելու է  լիակատար փլուզման վտանգի առջեւ, այսօր արդեն քչերի մոտ է կասկած առաջացնում: Եթե 2008թ. առաջին ամիսներին Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, թե ճգնաժամի մասին քիչ խոսելով` կկարողանանք դրանից խուսափել, ապա արդեն մի քանի ամիս անց, երբ երկնիշ տնտեսական աճը  փոխարինվեց երկնիշ տնտեսական անկմամբ, վարչապետը հանդես եկավ  նոր` էլ ավելի անհեթեթ հայտարարությամբ: Այն է` տնտեսական ճգնաժամը ՀՀ տնտեսության համար կարող է անգամ օգտակար լինել, քանի որ ֆինանսական խոշոր կենտրոններից «փախչող փողերը» կարող են հանգրվանել Հայաստանի` միջազգային ֆինանսական գործընթացներից մեկուսացված, հետեւաբար` դրանց ազդեցությանը չենթարկվող տնտեսությունում: Թե այդ ընթացքում ինչպիսի փողեր հանգրվանեցին մեր մեկուսացած, սակայն միջազգային տնտեսական ամենաթեթեւ տատանումից անգամ ցնցվող  տնտեսությունում, հայտնի է բոլորին: Դրանք ստացած բավական բարձր տոկոսադրույքներով վարկերն էին, որոնք մարելու հարցը ծանրացած է ՀՀ շարքային քաղաքացիների ուսերին:
Այսպես, անցած տարվա դրությամբ ՀՀ-ն պարտք է` Համաշխարհային բանկին` 1,1 միլիարդ դոլար, Արժույթի միջազգային հիմնադրամին` 640 միլիոն դոլար,  Ռուսաստանի Դաշնությանը` 500 միլիոն դոլար, Ճապոնիային` 331 միլիոն դոլար, Ասիական զարգացման բանկին` 131 միլիոն դոլար, Գերմանիային` 121 միլիոն դոլար, Գյուղատնտեսության  զարգացման միջազգային հիմնադրամին` 58,5 միլիոն դոլար, ԱՄՆ-ին` 33 միլիոն դոլար, ՕՊԵԿ միջազգային հիմնադրամին` 28 միլիոն դոլար: Ընդ որում, 2008-2010թթ. ընթացքում մեծածավալ վարկերի ներգրավման արդյունքում  ՀՆԱ նկատմամբ արտաքին պետական պարտքի ցուցանիշն անցած տարեվերջին  դարձավ 35,6%, ինչը թեեւ թույլատրելի սահմանագծից ներքեւ է, սակայն մեր երկրի համար բավական մտահոգիչ է: Եւ եթե անցած տարի ՀՀ արտաքին պարտքը կազմում էր 3,3 միլիարդ դոլար, ապա այս տարի այն արդեն կազմում է 3,8 միլիարդ դոլար:
ՀՀ արտաքին պարտքի բեռն էլ ավելի է ծանրանալու հաջորդ երեք տարիներին.  2012-ին այն կհասնի 4,04 միլիարդ դոլարի, 2013-ին` 4,2, իսկ  2014-ին` արդեն 4,3 միլիարդ դոլարի: Եւ չնայած դրան, հայրենի իշխանությունները շարունակում են «փափուկ բարձ դնել» մեր գլխի տակ` հավաստիացնելով, թե երկրի տնտեսական զարգացման ծրագիրը թույլ է տալիս ունենալ կառավարելի եւ կանխատեսելի սպասարկվող արտաքին պարտք: Հետաքրքիր է, այդ ինչի՞ հաշվին են նրանք կառավարելու ու սպասարկելու արտաքին պարտքը: Ի վերջո, այն շատ կոնկրետ հասկացություն է, որը հնարավոր չի լինելու մարել նկարված վիճակագրական ցուցանիշներով: Էլ չասած, որ առաջիկա երկու տարիների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կազմվել է այն հաշվարկով, որ որեւէ արտառոց տնտեսական ցնցում` ասենք ճգնաժամի երկրորդ ալիք, չի լինի, եւ ՀՀ կենտրոնական բանկը նոր վարկեր չի ներգրավի: Իսկ եթե եղա՞վ:




Լրահոս