Armenian text to speach

Հայաստանը խորացնում է պաշտպանական համագործակցությունը Հնդկաստանի հետ․ քննարկվում է զինամթերքի տեղական արտադրության հարցը․ India Defense Resource Wing

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը ակտիվացնում է իր  պաշտպանական համագործակցությունը Հնդկաստանի հետ՝ փորձելով անցնել ոչ միայն զինտեխնիկայի ձեռքբերման, այլ նաև տեղական արտադրության մոդելի։

Ինչպես հայտնում է Eurasianet-ը՝ հղում անելով India Defense Resource Wing (IDRW) պորտալին, Երևանը նպատակ ունի ստեղծել արտադրական հզորություններ Հայաստանում՝ լիցենզավորված հիմքով արտադրելու հնդկական զինամթերք, այդ թվում՝ 155 մմ հրետանային արկեր և Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Սակայն նշվում է, որ բանակցությունների ընթացքի կամ հնարավոր գործարքի արժեքի վերաբերյալ հստակ տվյալներ դեռևս չկան։

Հիշեցնենք, որ  Հայաստանը արդեն 2022 թվականին Հնդկաստանից ձեռք է բերել Pinaka համակարգեր՝ շուրջ 265 միլիոն դոլարի պայմանագրով։ Այդ համակարգերը համարվում են բարձր շարժունակությամբ և հեռահար կրակային հնարավորություններով զինատեսակներ և հաճախ համեմատվում են ամերիկյան HIMARS համակարգերի հետ։

Ըստ պարբերականի գնահատման՝ Հայաստանը փորձում է նվազեցնել արտաքին մատակարարումներից կախվածությունը՝ հնարավոր ռազմական սրացման դեպքում մատակարարման խափանումներից խուսափելու համար։

Միաժամանակ ընդգծվում է, որ վերջին տարիներին Հարավային Կովկասը դարձել է նաև Հնդկաստան–Պակիստան տարածաշրջանային մրցակցության ազդեցության դաշտ։ Մինչ Հայաստանը խորացնում է հարաբերությունները Հնդկաստանի հետ, Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան ձևավորում են սեփական ռազմավարական համագործակցությունը։

Միջազգային վերլուծություններում նշվում է նաև, որ Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանական համագործակցության խորացումը պայմանավորված է Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցմամբ, իսկ Հնդկաստանը փորձում է ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ հակակշռելով Թուրքիայի և Պակիստանի ազդեցությունը։

Սակայն պետք է  ընդգծել, որ նման ծրագրերի իրականացման ժամկետներն ու արդյունավետությունը դեռևս կախված են բանակցությունների արդյունքներից և տարածաշրջանային զարգացումներից։

Անի Վարդանյան




Լրահոս