Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս միջազգային այնպիսի անվտանգության համակարգի ձևավորման օգտին, որը հիմնված կլինի հավասարության վրա և չի ենթադրի որևէ տեսակի պարտադրանք կամ ուժային ճնշում։
Այս մասին նա նշել է Եվրասիական անվտանգության վերաբերյալ միջազգային հասարակական-քաղաքական լսումների մասնակիցներին ուղղված իր ուղերձում, որը կարդացել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության բարձրագույն խորհրդի բյուրոյի անդամ Անդրեյ Կլիմովը։
Պուտինի խոսքով՝ նման համակարգը պետք է ապահովի միջպետական բոլոր վեճերի և հակասությունների խաղաղ, քաղաքական-դիվանագիտական կարգավորում։
«Մեր երկիրը հետևողականորեն հանդես է գալիս միջազգային հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի ձևավորման օգտին, որը կբացառի պարտադրանքի և ուժային ճնշման մեթոդները և կերաշխավորի միջպետական ցանկացած վեճերի ու հակասությունների խաղաղ լուծում»,– նշված է ուղերձում։
Նա նաև ընդգծել է, որ այդպիսի միջազգային անվտանգության ճարտարապետությունը պետք է նպաստի փոխշահավետ համագործակցությանը՝ հիմնված համընդհանուր ճանաչված և բոլորի համար պարտադիր իրավական նորմերի վրա։
Պուտինի գնահատմամբ՝ հատկապես կարևոր է նման մոտեցումը Եվրասիայի համար, որը աշխարհի ամենամեծ և ամենաբնակեցված մայրցամաքն է։
«Փոխադարձ վստահության և գործընկերային կապերի ամրապնդումը եվրասիական երկրների միջև կարևոր գործոն է գլոբալ կայունության ապահովման և արդար ու ժողովրդավարական աշխարհակարգի ձևավորման համար»,– նշել է նա։
Եզրափակելով՝ Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ քննարկումների մասնակիցները կանցկացնեն բովանդակալից բանավեճեր, իսկ հնչած առաջարկները հետագայում կստանան գործնական իրականացում՝ ի շահ պետությունների և ժողովուրդների։
Անի Վարդանյան


























































































