Այսօր Վանաձորում տեղի է ունեցել կարատեի հուշամրցաշար՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված հերոս Էրիկ Հաջիկյանի։ Մրցաշարը համախմբել էր տարբեր տարիքային խմբերի մարզիկների, մարզիչների, ծնողների և հյուրերի, ովքեր հավաքվել էին ոչ միայն մրցելու, այլև հարգանքի տուրք մատուցելու Էրիկ Հաջիկյանի հիշատակին։
Էրիկ Հաջիկյանը սպորտում ևս ունեցել է նշանակալի հաջողություններ․ նա եղել է Հայաստանի երիտասարդական լիգայի չեմպիոն՝ աչքի ընկնելով իր մարտական ոգով, կարգապահությամբ և նպատակասլացությամբ։ Նրա անունը շարունակում է ապրել թե՛ հայկական կարատեի համայնքում, թե՛ նրան ճանաչողների հիշողություններում։
Մրցաշարի ընթացքում մասնակիցները ցուցադրել են բարձր պատրաստվածություն և մրցակցային ոգի՝ իրենց ելույթները նվիրելով Էրիկի հիշատակին։ Միջոցառումը վերածվել է ոչ միայն մարզական տոնի, այլև հիշատակի, արժևորման և սերունդներին օրինակ փոխանցելու կարևոր խորհրդանշական օրվա։
Տեսանյութը դիտեք ArmLur.am-ի տելեգրամյան ալիքում․




















































































