Armenian text to speach

Մանդատ, սկանդալներ ու միլիոնների հոսքեր․ ՔՊ-ական Լուսինե Բադալյանի ունեցվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի վերջին տարիների հայտարարագրերի ուսումնասիրությունը բացահայտում է մի պատկեր, որտեղ քաղաքական աղմկոտ դրվագներն ու ֆինանսական շարժերը հայտնվում են նույն հարթության վրա։

Եկամուտների կտրուկ տատանումներ, տասնյակ միլիոնների միանվագ մուտքեր, բազմամիլիոնանոց փոխառություններ, խոշոր ավանդներ՝ այս ամենը ձևավորում է մի ֆինանսական դիմանկար, որը դժվար է անտեսել հանրային ու քաղաքական ֆոնի պայմաններում։ Լուսինե Բադալյանը, որը ներկայումս ՔՊ նախընտրական ցուցակում զբաղեցնում է 46-րդ հորիզոնականը, քաղաքականություն մուտք գործելուց առաջ երկար տարիներ աշխատել է լրատվական ոլորտում՝ Հանրային ռադիոյից մինչև մասնավոր հեռուստաընկերություններ, ինչպես նաև դասավանդել լրագրություն ու հասարակագիտություն։ Սակայն վերջին տարիներին նրա անունը հանրային դաշտում առավել հաճախ շրջանառվել է ոչ միայն քաղաքական գործունեությամբ, այլ նաև մի շարք աղմկոտ պատմություններով։

Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Լուսինե Բադալյանը հայտարարել էր, որ պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը՝ դա ներկայացնելով որպես անձնական ու քաղաքական պատասխանատվության քայլ։ Նա անգամ հրապարակավ նշել էր, որ որոշումը կայացրել էր նոյեմբերի 10-ի գիշերը։ Սակայն այդ որոշումը մնաց միայն հայտարարության մակարդակում։

Ավելի ուշ Բադալյանը փոխեց դիրքորոշումը՝ ասելով, թե դա եղել է հուզական ֆոնի վրա կայացված որոշում և վերջնական չի եղել։ Արդյունքում մանդատը վայր չդրվեց, իսկ ինքը շարունակեց աշխատանքը խորհրդարանում։ Բադալյանի անվան շուրջ ամենաքննարկված դրվագներից մեկը նաև Եռաբլուրում նկարահանված տեսանյութն էր, որտեղ նա երևում էր ծիծաղելիս։ Տեսանյութը լայն արձագանք ստացավ և սուր քննադատության արժանացավ սոցիալական ցանցերում։ Ի պատասխան՝ Բադալյանը հայտարարեց, որ տեսանյութը գաղտնի է նկարահանվել և ներկայացվել մանիպուլյատիվ կերպով։ Նա ներողություն խնդրեց հանրությունից, բայց միաժամանակ պնդեց՝ իր վարքում որևէ անհարգալից վերաբերմունք չի եղել։

Ինչ վերաբերում է ֆինանսական հայտարարագրերին, ապա 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Լուսինե Բադալյանը հայտարարագրել է Արարատի մարզի Այնթափ համայնքում համատեղ սեփականությամբ հողամաս, ինչպես նաև Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում համատեղ սեփականությամբ բնակարան։ Տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Փոխարենը ֆինանսական միջոցների բաժնում առկա է արդեն 20 միլիոն դրամի բանկային ավանդ, 1.3 միլիոն դրամից ավելի բանկային հաշիվների մնացորդ, ինչպես նաև 3,900 դոլար և 2.1 միլիոն դրամ կանխիկ միջոց։

Նույն տարվա եկամուտը կազմել է մոտ 16 միլիոն դրամ, որից գրեթե 13 միլիոնը՝ աշխատավարձ Ազգային ժողովից, ևս 3 միլիոն դրամը՝ այլ եկամուտ՝ դարձյալ ԱԺ աշխատակազմից։ Ինչու է ԱԺ աշխատակազմը բացի աշխատավարձից հավելյալ 3 մլն փոխանցել ՔՊ պատգամավորին, անհասկանալի է: Սակայն առավել ուշագրավ պատկերը երևում է նախորդ տարվա հայտարարագրում։ 2024 թվականին Բադալյանի տարեկան եկամուտը կտրուկ աճել է՝ հասնելով 76 միլիոն 849 հազար դրամի։ Դրանցից 64 միլիոն դրամը նշված է որպես գույքային իրավունքներից ստացված եկամուտ։

Սա այն ցուցանիշն է, որը հայտարարագրում առանձնանում է մյուս տարիների ֆոնին և փաստացի ձևավորում է ամենախոշոր մուտքը վերջին տարիների ընթացքում։ Դեռ 2023 թվականին հայտարարագրվել է «Միկշին ՍՊԸ»-ից ստացված և վերադարձված 47.9 միլիոն դրամ փոխառություն։ Նույն տարեվերջին այդ նույն չափով արձանագրվել է նաև վարկի և փոխառության մայր գումարի մնացորդ՝ կապված բնակարանի հետ։ Այսինքն պատգսմավորը եկամտահարկի վերադարձով բնակարան է գնել, հետո վաճառել է. թերևս չի կարողացել վարկը մարել:

2022 թվականին փոխառության մայր գումարի մնացորդը կազմել էր 48 միլիոն 50 հազար դրամ։ Մեկ տարի ավելի վաղ՝ 2021 թվականին, Լուսինե Բադալյանի հայտարարագրում արդեն նշվել էր 49 միլիոն 355 հազար դրամի չափով ստացված փոխառություն:

Թվերի լեզուն ցույց է տալիս, որ պատգամավորի ֆինանսական պատկերը վերջին տարիներին անցել է բավականին ակտիվ փուլով՝ աշխատավարձային կայուն եկամուտներին զուգահեռ արձանագրելով նաև խոշոր միանվագ մուտքեր և բազմամիլիոնանոց պարտքային շարժ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս