Armenian text to speach

Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ի ընտրությունների հաջորդ օրը կգնա խորհրդարան. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը ընտրություններից անմիջապես հետո նախատեսում է ներկայանալ Ազգային ժողով։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետը խորհրդարան է գնալու հենց ընտրությունների հաջորդ առավոտյան։ Պատճառը 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի ներկայացումն է։ Իշխանությունը պարտավոր է Ազգային ժողովին ներկայացնել բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, և այդ գործընթացը կմեկնարկի հունիսի 8-ից՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում։

Ըստ մեր տեղեկությունների՝ առաջին զեկուցողը լինելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հունիսի 8-ի առավոտյան խորհրդարանում կներկայացնի կառավարության կատարած աշխատանքը և բյուջեի կատարման հիմնական ցուցանիշները։ Դրանից հետո կառավարության անդամները հերթով կներկայացնեն իրենց ղեկավարած գերատեսչությունների հաշվետվությունները՝ ամփոփելով ոլորտային զարգացումներն ու կատարված աշխատանքը։

Մեզ հասած տեղեկություններով՝ նախատեսվում է բյուջեի կատարողականի քննարկումները շարունակել մինչև հունիսի 15-ը։ Դրանից հետո հաշվետվությունը կընդգրկվի Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում։

Հիշեցնենք, որ արդեն վաղը Ազգային ժողովի խորհուրդը պետք է որոշում կայացնի մայիսի 26-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգային հարցերի հերթականության վերաբերյալ։ Բյուջեի կատարողականի քննարկումները սպասվում են քաղաքական առումով ևս ուշագրավ ֆոնին՝ հաշվի առնելով, որ դրանք մեկնարկելու են ընտրական գործընթացներից անմիջապես հետո։

Սոնա Գրիգորյան




Լրահոս