Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ International Republican Institute (IRI) հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիների արտաքին քաղաքական ընկալումները միաժամանակ ընդգծում են ինչպես գործընկերային, այնպես էլ սպառնալիքային երկրների շրջանակը։

Հարցման համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների 39 տոկոսը որպես երկրի կարևորագույն քաղաքական գործընկեր նշել է Ֆրանսիան, 35 տոկոսը՝ Ռուսաստանը, 34 տոկոսը՝ Եվրամիությունը, 29 տոկոսը՝ Իրանը, իսկ 27 տոկոսը՝ ԱՄՆ-ը։ Վրաստանը նշել է 18 տոկոսը, Չինաստանը՝ 17 տոկոսը։ Թուրքիան ստացել է 4 տոկոս, իսկ Ադրբեջանը և Ուկրաինան՝ 3-ական տոկոս։ Միևնույն ժամանակ, հարցվածների 9 տոկոսը նշել է, որ թվարկված երկրներից ոչ մեկը չի դիտարկում որպես կարևոր գործընկեր, իսկ 2 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Մյուս կողմից՝ նույն հարցման երկրորդ հատվածում քաղաքացիները որպես Հայաստանի ամենամեծ քաղաքական սպառնալիք առաջին հերթին նշել են Ադրբեջանը՝ 73 տոկոս, և Թուրքիան՝ 58 տոկոս։ Ռուսաստանը որպես սպառնալիք նշել է հարցվածների 32 տոկոսը։ ԱՄՆ-ը և Ուկրանիան ստացել են 6-ական տոկոս, Վրաստանը 4 տոկոս, ԵՄ-ն 3 , Իրանը և Ֆրանսիան՝ 2-ական տոկոս, իսկ Չինաստանը՝ 1 տոկոս։ Հարցվածների 6 տոկոսը նշել է, որ ոչ մի երկիր սպառնալիք չի համարում, իսկ 3 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Այսպիսով, հարցման տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիների ընկալումներում Ֆրանսիան դիտվում է որպես հիմնական գործընկերներից մեկը, մինչդեռ Ադրբեջանն ու Թուրքիան գերակշռում են որպես ամենամեծ քաղաքական սպառնալիքներ։
Անի Վարդանյան

























