Մայիսի 8-ին՝ ժամը 9․30-ին, Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին հաղորդում ներկայացրած 45-ամյա տղամարդը հայտնել է, որ մայիսի 7-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Երվանդ Քոչարի փողոցում գտնվող իր հյուրանոց են այցելել երկու անձ, ներկայացել հարկային տեսուչներ և առաջարկել հայտնաբերված խախտումների համար տուգանք չկիրառելու դիմաց վճարել 250 հազար դրամ՝ 550 հազար դրամի փոխարեն։
45-ամյա տղամարդը նշել է, որ չունի այդքան գումար, կարող է վճարել 100 հազար դրամ և պայմանավորվածություն է ձեռք բերվել գումարը փոխանցել հաջորդ օրը։
Նույն օրը՝ ժամը 13․25-ին, հաղորդում ներկայացրած քաղաքացուց տեղեկություն է ստացվել, որ հարկային տեսուչ ներկայացած անձինք այցելել են հյուրանոց և սպասում են գումարին։
Մարաշի համայնքային ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ, անմիջապես մեկնել են նշված հասցե և կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել Երևանի բնակիչներ 32-ամյա և 34-ամյա տղամարդկանց։ Պարզվել է, որ երիտասարդները Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ են։
32-ամյա և 34-ամյա տղամարդիկ ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։






























