Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում՝ թերակղզի տանող ճանապարհի սկզբանամասում «Toyota Camry»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ստորգետնյա հետիոտնային անցման աստիճանների վրա՝ բախվելով բետոնե հենապատին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արսեն Կիրակոսյանը և Արթուր Դանիելյանը։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

























































































