Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ռումինիայի բնակելի շենքերից մեկին՝ վիրավորելով երկու մարդու։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ վաղ առավոտյան Ռումինիայի արևելքում գտնվող Գալացի քաղաքում, երբ Ռուսաստանը հերթական հարձակումներն էր իրականացնում Ուկրաինայի սահմանամերձ շրջանների ուղղությամբ։
Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անօդաչու սարքը մուտք է գործել երկրի օդային տարածք և ռադարների միջոցով հետևվել մինչև Գալացի քաղաքի հարավային հատված, որտեղ այն բախվել է բազմաբնակարան շենքի տանիքին։ Հարվածից հետո շենքում հրդեհ է բռնկվել։
Ռումինիայի Արտակարգ իրավիճակների գլխավոր տեսչության տվյալներով՝ դրոնի ամբողջ պայթուցիկ բեռը գործի է դրվել հարվածի պահին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել շենքի 10-րդ հարկում։ Տուժած երկու քաղաքացիները ստացել են թեթև վնասվածքներ և բուժօգնություն են ստացել տեղում։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ շենքից տարհանվել է շուրջ 70 բնակիչ։
Ռուսաստանի կողմից մինչ այժմ որևէ պաշտոնական մեկնաբանություն չի հնչել։
Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը միջադեպը բնութագրել է որպես «Ռուսաստանի Դաշնության կողմից լուրջ և անպատասխանատու էսկալացիա»։ Բուխարեստը նաև հայտնել է, որ արդեն տեղեկացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին և պահանջել արագացնել հակադրոնային պաշտպանության միջոցների փոխանցումը Ռումինիային։
ՆԱՏՕ-ն ևս արձագանքել է միջադեպին։ Դաշինքի ներկայացուցիչը X սոցիալական ցանցում հրապարակած հայտարարության մեջ դատապարտել է «Ռուսաստանի անպատասխանատու գործողությունները»՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է ուժեղացնել պաշտպանությունը բոլոր սպառնալիքների, այդ թվում՝ անօդաչու սարքերի դեմ։
Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անօդաչու սարքերի հայտնաբերումից հետո օդ են բարձրացվել F-16 կործանիչներ։ Ըստ գերատեսչության՝ դրանցից մեկը մտել է Ռումինիայի օդային տարածք և ի վերջո ընկել բնակելի շենքի վրա։
Գալացի քաղաքը գտնվում է Դանուբ գետի ափին, որը տվյալ հատվածում սահման է կազմում Ուկրաինայի հետ։ Ուկրաինական նավահանգիստները, մասնավորապես Օդեսայի մարզի Իզմայիլ նավահանգիստը, պարբերաբար ենթարկվում են ռուսական օդային հարձակումների։
Սա առաջին դեպքն է Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր, երբ ռուսական անօդաչու սարքի հարվածից Ռումինիայի քաղաքացիներ են տուժում։ Ավելի վաղ՝ ապրիլին, մեկ այլ ռուսական դրոն նույնպես ընկել էր Գալացիում՝ պատճառելով նյութական վնաս, սակայն առանց զոհերի կամ վիրավորների։
Ռումինիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո ռուսական անօդաչու սարքերի բեկորներ երկրի տարածքում հայտնաբերվել են առնվազն 47 անգամ, որոնցից 12-ը՝ միայն այս տարի։
Միաժամանակ Ուկրաինայում գիշերվա ընթացքում օդային տագնապ է հայտարարվել ամբողջ երկրի տարածքում։ Ուկրաինայի հարավում գտնվող Օդեսայի մարզի իշխանությունները հայտնել են, որ ռուսական դրոնների հարձակման է ենթարկվել նաև Իզմայիլ նավահանգիստը։
Իսկ Ուկրաինայի արևելքում՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի մարզում, տեղի ունեցած ուկրաինական անօդաչու հարձակման հետևանքով, ըստ ռուսական կողմի, զոհվել են երեք կոմունալ ծառայության աշխատակիցներ։ Տարածաշրջանի ռուսամետ ղեկավար Դենիս Պուշիլինի խոսքով՝ ևս մեկ մարդ ծանր վիրավորվել է։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի


























































































