Ռուսաստանում մրգերի և բանջարեղենի դեֆիցիտ չի սպասվում՝ Հայաստանից մատակարարումների ներմուծման սահմանափակումների պատճառով։ Այս մասին РИА Новости-ին տված մեկնաբանությունում հայտարարել է Ռուսաստանի օնլայն և ցանցային մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիայի (АКОРТ) նախագահ Ստանիսլավ Բոգդանովը։
Նրա խոսքով՝ վարունգի, լոլիկի, պղպեղի, կանաչեղենի կամ ելակի պակաս ռուսական առևտրային ցանցերում չի առաջանա, քանի որ շուկայի հիմնական առաջարկը ձևավորվում է ներքին արտադրության հաշվին, իսկ ներմուծումը բավական բազմազան է և բաշխված տարբեր երկրների միջև։
«Մթերքների այս կատեգորիայում դեֆիցիտի նախադրյալներ չկան։ Խոշոր ցանցերն ունեն մատակարարման բազմազան համակարգ, որը թույլ է տալիս արագ վերաբաշխել ծավալները տարբեր երկրների մատակարարների միջև։ Միևնույն ժամանակ, բանջարեղենի առաջարկի ամենամեծ մասնաբաժինը ապահովում է տեղական արտադրությունը»,– նշել է Բոգդանովը։
Նրա տվյալներով՝ վարունգի կատեգորիայում ներմուծման մասնաբաժինը կազմում է մոտ 15 տոկոս, իսկ հիմնական մատակարար երկրներն են Ադրբեջանը։ Խանութներում այս ապրանքի համար ներկայացված է մինչև 18 տարբեր տեսականի՝ կախված վաճառքի ձևաչափից։
Լոլիկի դեպքում ներմուծման մասնաբաժինը մոտ 30 տոկոս է։ Մատակարարումները բաշխված են Ադրբեջանի, Մակեդոնիայի, Մարոկկոյի և Ուզբեկստանի միջև։ Ըստ նրա՝ այս կատեգորիայում խանութների դարակներում կարող է լինել երկուից մինչև ավելի քան 50 տարբեր տեսականի՝ կախված ցանցից։
Քաղցր պղպեղի դեպքում ներմուծումը, Հայաստանից բացի, իրականացվում է նաև Գվինեայից, Իսրայելից, Իրանից և Թուրքիայից։ Այս կատեգորիայում ներմուծման ընդհանուր մասնաբաժինը մոտ 39 տոկոս է, իսկ խանութներում ներկայացված է մինչև 10 տարբեր տարբերակ։
Կանաչեղենի և աղցանային մշակաբույսերի կատեգորիայում ներմուծման բաժինը մոտ 20 տոկոս է։ Այստեղ մատակարարումներ իրականացվում են ոչ միայն Հայաստանից, այլ նաև Իրանից, Իսրայելից, Լիբանանից, Չինաստանից և Թաիլանդից։ Տեսականին կարող է հասնել մինչև 180 տարբեր ապրանքատեսակի՝ կախված խանութի ձևաչափից։
Բոգդանովը նաև նշել է, որ ելակի հիմնական առաջարկը ներկայումս ապահովում են Ռուսաստանի ներքին տնտեսությունները, քանի որ սկսվել է առաջին տեղական բերքի սեզոնը։ Նրա խոսքով՝ ներմուծվող ելակի մասնաբաժինը կազմում է մոտ 25 տոկոս, իսկ մանրածախ ցանցերը շարունակում են զարգացնել համագործակցությունը տեղական արտադրողների հետ՝ պահպանելով տեսականու կայունությունն ու գների հավասարակշռությունը։
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր, որ մայիսի 30-ից ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից Ռուսաստան մրգերի և բանջարեղենի ներմուծումը՝ ֆիտոսանիտարական անվտանգության ապահովման նպատակով։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




















































































