Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) խոր ինտեգրացիան շահավետ է կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետության համար։
Պուտինի խոսքով՝ նման ինտեգրացիան նպաստում է նաև ձեռնարկատիրական եկամուտների աճին, բնակչության կյանքի մակարդակի բարձրացմանը և բարեկեցության բարելավմանը։
ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստում ելույթ ունենալով՝ նա նշել է, որ միության «հնգյակի» հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկան ունի կայուն դրական բնույթ։
«Արդյունաբերական արտադրության համախառն ծավալը ԵԱՏՄ-ում աճել է 1.6 տոկոսով, գյուղատնտեսական արտադրությունը՝ 4.6 տոկոսով, շինարարությունը՝ 4.2 տոկոսով»,– նշել է Ռուսաստանի նախագահը։
Նրա խոսքով՝ աճ է գրանցվում նաև տնտեսության մեծ մասի ոլորտներում։ Միաժամանակ անդամ երկրների միջև ապրանքաշրջանառությունը անցած տարի հասել է 95 միլիարդ դոլարի։
Պուտինը հավելել է, որ բարելավվում է նաև առևտրի կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրանքի մատակարարումների ընդլայնման հաշվին և հումքային ապրանքների մասնաբաժնի նվազման միջոցով։
Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ շրջանակում հետևողականորեն վերացվում են առևտրային խոչընդոտները, ներդրվում են ոչ սակագնային կարգավորման միասնական կանոններ, իսկ անդամ երկրների միջև հաշվարկների գրեթե ամբողջ ծավալը իրականացվում է ազգային արժույթներով։
«Այսպիսով, մեր երկրների միջև փոխադարձ արտահանման և ներմուծման գործարքները հուսալիորեն պաշտպանված են արտաքին ազդեցություններից և համաշխարհային շուկաների բացասական միտումներից»,– ամփոփել է Պուտինը։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի

























































































