Մայիսի 18-ին համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում դիմակավորված անձինք Արցախի բարբառով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ են հնչեցնում։ Նրանք նշում են, որ իրենք գիտեն, թե Փաշինյանը որ փողոցներով է անցնում, և սպառնում են գտնել նրան։
«Ու մենք սովորյալ ենք պղծում մեր գերեզմանները, մեր եկեղեցիները, մեր հողն ու ջուրը, դրան հետը, Նիկոլ, դու պատասխան ես տալու, մենք գիտում ենք, դու շտեղով ես մանգյամ, վեր փողոցներով ես անցկենում, մենք քեզ ճարելու ենք, Նիկոլ, դու սուկա ես, դու խաբեբա ես, դու հոնց խաբալ ես Արցախի ժողովրդին, եկալս Արցախ, Ստեփանակերտի հրապարակում կանգնալ խաբալ, ասալ, վեր Արցախը Հայաստան է։ Ասում ես՝ Հայաստանը անկախ է, դու խաբում ես, Հայաստանը անկախ չի, դու Հայաստանն էլ ես ուզում հանձնես Ադրբեջանի կազմ»,- ասում է տեսանյութի անհայտ անձը։
Արդյունքում, ՀՀ քննչական կոմիտեն այսօր հայտնեց, որ Երևանում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՀՀ վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։ Ըստ ՔԿ-ի՝ օտարերկրյա պետությունում բնակվող Մ․Մ․-ն առնվազն չորս անձի հետ խմբի կազմում միջոցներ և պայմաններ է ստեղծել վարչապետին ապօրինաբար կյանքից զրկելու համար, ինչպես նաև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, կայացվել է ձերբակալման որոշում։
Մասնավորապես՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականից օտարերկրյա պետությունում բնակվող Մ․Մ․-ն առնվազն 4 անձանց հետ խմբի կազմում, ՀՀ վարչապետի քաղաքական և պետական գործունեության կատարման հետ կապված, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռք են բերել միջոցներ և ստեղծել պայմաններ, մասնավորապես՝ ինքնությունը քողարկելու նպատակով ձեռք են բերել հանդերձանք և դիմակներ, ինչպես նաև ՀՀ վարչապետի գտնվելու վայրերի, քարոզարշավի երթուղիների վերաբերյալ հավաքել տեղեկություններ՝ այդ կերպ նախապատրաստելով սպանությունը, որից հետո նշված հանդերձանքով և դիմակավորված տեսաձայնագրել և տարածել են տեսաուղերձ՝ ուղղված ՀՀ վարչապետին, որի ընթացքում հնչեցրել են սպառնալիքներ։
Բացի այդ, 2026 թվականի մայիսի 16-ին անձինք որսացել են ընդհանուր օգտագործման համար չնախատեսված համացանցային կայքի համակարգում պահվող, համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ ուղիղ եթերի ժամանակ հաղորդվող տվյալը (տեսանյութը) և, տեսաուղերձը հրապարակելով, խոչընդոտել են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին նախորդող նախընտրական քարոզչությանը։
Փաստ է մեկ բան՝ ենթադրյալ հանցագործին բացահայտել են, սակայն նա Հայաստանում չէ։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























