Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավոր Լուսինե Աքմաքչյանի մուտքը խորհրդարան արդեն իսկ քաղաքական քննարկումների թեմա է դարձել։ Վլադիմիր Վարդանյանի մանդատի դադարեցումից հետո պատգամավորական մանդատ ստացած Աքմաքչյանը խորհրդարան մտավ մի փուլում, երբ քաղաքական օրակարգն ամբողջությամբ թեժ ընտրական զարգացումների մեջ է, իսկ խորհրդարանի աշխատանքը՝ փաստացի կիսապարալիզացված։
ArmLur.am-ը ուսումնասիրել է Լուսինե Աքմաքչյանի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագիրը, որը բավական համեստ պատկեր է ներկայացնում։
Ըստ հայտարարագրի՝ Աքմաքչյանը որպես անշարժ գույք նշել է միայն Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարան, որը համատեղ սեփականություն է և ձեռք է բերվել դեռևս 2010 թվականին՝ գնման միջոցով։
Տրանսպորտային միջոց՝ չկա։
Բանկային ավանդ՝ 1 միլիոն դրամ։
Բանկային հաշիվների մնացորդների կամ կանխիկ դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել։
Հայտարարագրված եկամուտը կազմել է 1 մլն 74 հազար 962 դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից՝ «Միասնական սոցիալական ծառայություն»-ում զբաղեցրած պաշտոնից։
Ո՞վ է Լուսինե Աքմաքչյանը։
Նա ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 23-ին Վանաձորում։ Կրթություն ստացել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում, այնուհետև նաև Երևանի պետական համալսարանում՝ սոցիալական աշխատանքի մասնագիտությամբ։ Վերջին տարիներին ընդգրկված է եղել նաև քաղաքական առաջնորդության ծրագրերում։
Մասնագիտական կենսագրությունը հիմնականում կապված է սոցիալական ոլորտի հետ․ աշխատել է պետական և հասարակական տարբեր կառույցներում՝ «Հայանտառ»-ից մինչև «Օրրան», «Առաքելություն Հայաստան» և COAF։ 2023–2026 թվականներին ղեկավարել է Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է 2021 թվականից։
Այժմ արդեն նա ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում է և իշխող խմբակցության կազմում։
Սակայն այստեղ ամենահետաքրքիր հարցը քաղաքական չէ միայն՝ ժամանակի հարցն է։
Աքմաքչյանը պատգամավորական մանդատը ստացել է ապրիլի 2-ին, բայց քաղաքական օրացույցը նրա օգտին չէ։ Խորհրդարանում արդեն իսկ նկատվում է քվորումի լրջագույն խնդիր։ Նիստերը հաճախ չեն կայանում կամ հետաձգվում են։ Մյուս կողմից՝ մեկնարկում է ակտիվ նախընտրական շրջան, իսկ դրանից հետո խորհրդարանը գնալու է արձակուրդ։
Ստացվում է բավական ուշագրավ պատկեր․ նոր պատգամավորն Ազգային ժողով է մտնում մի փուլում, երբ խորհրդարանական լիարժեք աշխատանքի համար ժամանակ գրեթե չի մնում։
Փաստացի հարց է առաջանում՝ արդյոք Լուսինե Աքմաքչյանը կհասցնի՞ ամբողջ ծավալով ներգրավվել օրենսդրական գործընթացներում, թե՞ նրա պատգամավորական գործունեությունը կմնա առավելապես խորհրդանշական կարգավիճակում։
Մի բան ակնհայտ է․ մանդատը ստացել է, հայտարարագիրը ներկայացրել է, հանձնաժողովում ընդգրկվել է, բայց թե որքան իրական քաղաքական մասնակցություն կունենա այս կարճ ժամանակահատվածում՝ դեռ մեծ հարցականի տակ է։
Եվ մինչ իշխանական թիմը շարունակում է համալրել խորհրդարանական շարքերը, հանրության համար բաց է մնում գլխավոր հարցը՝ նոր պատգամավորները խորհրդարան մտնո՞ւմ են աշխատելու, թե պարզապես քաղաքական անցումային փուլը լրացնելու համար։
Սոնա Գրիգորյան






























