Armenian text to speach

ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանին, իսկ Թրամփը փոփոխություններ է պահանջել նոր համաձայնագրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ զինված ուժերը շաբաթավերջին հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող մի շարք ռազմական օբյեկտների՝ դրանք ներկայացնելով որպես «ինքնապաշտպանական գործողություններ»։ Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոփոխություններ է առաջարկել Վաշինգտոնի և Թեհրանի միջև քննարկվող համաձայնագրի նախագծում, որը նախատեսում է պահպանել գործող հրադադարը և վերականգնել Հորմուզի նեղուցով նավագնացությունը։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հաղորդմամբ՝ թիրախավորվել են իրանական ռադարային համակարգեր, հրամանատարական կենտրոններ, ինչպես նաև ոչնչացվել են երկու հարվածային անօդաչու սարքեր։ Վաշինգտոնը պնդում է, որ գործողությունները պատասխան էին Իրանի կողմից ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքի խոցմանը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է, որ հարված է հասցրել ամերիկյան ռազմաբազայի, որն օգտագործվել էր Իրանի Սիրիկ կղզու հեռահաղորդակցության աշտարակի վրա իրականացված հարձակման համար։ Թեհրանը չի հստակեցրել, թե որ ռազմաբազայի մասին է խոսքը, իսկ ԱՄՆ-ն առայժմ չի հաստատել իր ռազմական օբյեկտների վնասման մասին տեղեկությունները։

Չնայած ապրիլից գործող հրադադարին՝ կողմերը շարունակում են պարբերաբար փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց։ Վերջին միջադեպերը կրկին լարվածություն են առաջացրել տարածաշրջանում, սակայն առայժմ չեն հանգեցրել հրադադարի փլուզման։

Միևնույն ժամանակ շարունակվում են Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները։ Դրանց կենտրոնում փոխըմբռնման հուշագիրն է, որը պետք է վերջ դնի ռազմական գործողություններին և հիմք ստեղծի հետագա բանակցությունների համար։ Թրամփը, խորհրդականների հետ հանդիպումից հետո, վերադարձրել է փաստաթուղթը՝ պահանջելով ավելի խիստ ձևակերպումներ Իրանի միջուկային պարտավորությունների և Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ։

«Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, և դա լավ համաձայնագիր կլինի ԱՄՆ-ի և մեր գործընկերների համար»,- հայտարարել է Թրամփը։

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են Վաշինգտոնի կողմից լրացուցիչ երաշխիքներ ստանալուն։ Միաժամանակ Թրամփը մտահոգություն է հայտնել, թե ինչպիսի տնտեսական արտոնություններ կարող են տրամադրվել Իրանին համաձայնագրի շրջանակում։

Թեհրանում, սակայն, հայտարարում են, որ որևէ համաձայնագիր չի հաստատվի, եթե ապահովված չլինեն Իրանի «իրավունքներն ու շահերը»։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ Թեհրանը չի վստահում ԱՄՆ-ի խոստումներին և ակնկալում է միայն շոշափելի արդյունքներ։

Բանակցություններին զուգահեռ շարունակվում է նաև ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակումը։ CENTCOM-ի տվյալներով՝ վերջին օրերին ամերիկյան ուժերը կանգնեցրել են դեպի Իրան շարժվող հերթական առևտրային նավը՝ հայտարարելով, որ այն խախտել է գործող սահմանափակումները։ Ըստ ամերիկյան կողմի՝ շրջափակման մեկնարկից ի վեր ավելի քան 100 նավեր ստիպված են եղել փոխել իրենց երթուղիները։

Տարածաշրջանային ճգնաժամն արդեն ազդում է նաև համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։ ԱՄՆ-ում բենզինի միջին գինը շարունակում է բարձր մնալ, իսկ նավթի ռազմավարական պաշարները վերջին շաբաթներին զգալիորեն նվազել են։ Սպիտակ տունը, սակայն, վստահեցնում է, որ պահուստները բավարար են, և Իրանի հետ հնարավոր համաձայնության դեպքում նավթի մատակարարումները կարող են աստիճանաբար վերադառնալ բնականոն մակարդակի։

Անի Վարդանյան




Լրահոս