Օրերս կայացավ «Plug Into Growth» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր Արդշինբանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) համագործակցությամբ՝ Հայաստանում կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) շրջանակներում, Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) և Կլիմայի ներդրումային հիմնադրամի (CIF) աջակցությամբ։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել բիզնեսի համար հասանելի կանաչ ֆինանսավորման նոր հնարավորությունները և խթանել Հայաստանում կայուն ու էներգաարդյունավետ լուծումների ներդրումը։
Միջոցառումը համախմբել էր Արդշինբանկի հաճախորդներին, բիզնես համայնքի ներկայացուցիչներին և ոլորտային փորձագետներին։ Քննարկվել են էլեկտրամոբիլության, էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների, արևային էներգետիկ համակարգերի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման գործնական հնարավորություններն ու ֆինանսավորման հասանելի գործիքները։
GEFF-ը Հայաստանում ծրագրի ղեկավարի տեղակալ Անդրո Բութխուզին իր ելույթում նշեց, որ GEFF ծրագիրը, որը նախաձեռնել և իրականացնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), օգնում է տեղական բիզնեսներին ներդրումներ կատարել կանաչ տեխնոլոգիաներում՝ տեղի գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով։
Նրա խոսքով՝ ծրագիրը հատկապես գրավիչ է այնպիսի պահանջված ներդրումների համար, ինչպիսիք են արևային ֆոտովոլտային կայանները, արևային ջրատաքացման համակարգերը, էլեկտրական մեքենաները, էլեկտրական մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքները և էներգիայի պահպանման մարտկոցները։

«Արդշինբանկը վերջերս միացավ GEFF ծրագրին՝ որպես գործընկեր ֆինանսական հաստատություն և հենց սկզբից ակտիվորեն աջակցում է այն հաճախորդներին, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել տարբեր կանաչ տեխնոլոգիաներում։
Այսպիսով, Արդշինբանկի հետ համատեղ, մեր ակնկալիքներն են՝ կանաչ ներդրումները դարձնել հնարավորինս մատչելի, ավելացնել կանաչ վարկերի քանակը, բարձրացնել հաճախորդների իրազեկվածությունը և ֆինանսավորման հետ մեկտեղ, նրանց տրամադրել նաև տեխնիկական աջակացություն։
Կանաչ ներդրումները բիզնեսի համար ոչ միայն շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված քայլ են, այլ նաև խելացի բիզնես որոշում։ Էներգաարդյունավետ լուծումների ներդրումը թույլ է տալիս նվազեցնել գործառնական ծախսերը, նվազեցնել կախվածությունը ավանդական էներգիայի աղբյուրներից և բարձրացնել բիզնեսի մրցունակությունը», -նշեց Անդրո Բութխուզին։
Բանկի Կորպորատիվ բիզնեսի վերլուծական վարչության պետ Արմինե Մելիքյանի խոսքով ծրագրի շրջանակում հաճախորդները կարող են օգտվել ոչ միայն ֆինանսավորումից, այլև cashback խրախուսման հնարավորությունից։


«Այս ծրագրի առավելություններից մեկը ֆինանսական խթանի առկայությունն է։ Կան վարկավորման նպատակներ, որոնց դեպքում հաճախորդները կարող են ստանալ 10-15% խթան և հետագայում այն ուղղել բիզնեսի զարգացման և ընդլայնման այլ ծրագրերի իրականացմանը։ Մենք տեսնում ենք, որ այս թեման այսօր մեծ հետաքրքրություն է առաջացնում բիզնեսների շրջանում», – նշեց Արմինե Մելիքյանը։
Այսուհետ GEFF ծրագրի չափանիշներին համապատասխանող Արդշինբանկի վարկառուները կարող են առցանց ծանոթանալ ծրագրի պայմաններին և լրացնել ֆինանսավորման հայտը բանկի պաշտոնական կայքում։
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: (Գ)






























