«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, չխախտելով բազմամյա ավանդույթը, արդեն 26-րդ անգամ իր հարկի տակ նշեց հունիսի 1-ը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը։
Տոնի խորհրդին համահունչ՝ Օրրանի բակը վերածվել էր գույների, երգի եւ պարի մեծ հարթակի՝ ստեղծելով իրապես տոնական մթնոլորտ։ Օրվա տրամադրությունն ապահովում էր նաեւ համեղ հյուրասիրությունը՝ ախորժելի համբուրգերները, որոնք, ինչպես ամեն տարի, այս տարի եւս սիրով պատրաստել էին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի աշխատակիցները։ Տոնին միացել էին Օրրանի երկարամյա բարեկամները, աջակիցները եւ հանրային ճանաչում ունեցող դեմքեր, որոնք օգնում էին պատրաստել եւ հյուրասիրել օրվա համեղ ուտեստները։

Օրրանի համահիմնադիր տիկին Արմինե Հովհաննիսյանն իր բարեմաղթանքները հղեց ոչ միայն Օրրանի սաներին, այլեւ Հայաստանի բոլոր մանուկներին․
«Ցանկանում եմ, որ երեխաները մեծանան մի աշխարհում, որտեղ յուրաքանչյուր երեխա քնում է կուշտ, արթնանում՝ ապահով, շրջապատված է սիրով եւ հոգատարությամբ եւ ունի երազելու ու իր երազանքներին հասնելու հնարավորություն։ Թող նրանց ծիծաղը միշտ ավելի բարձր հնչի, քան նրանց վախերը, նրանց հետաքրքրասիրությունը հաղթահարի բոլոր խոչընդոտները, իսկ նրանց բարությունն օգնի կերտել ավելի լավ ապագա»։
Օրրանի մանկական երգչախմբի սաներն իրենց գեղեցիկ երգով ու պարով լրացրեցին տոնական տրամադրությունը։ Երեխաներին հյուր էին եկել նաեւ մուլտֆիլմերի սիրելի հերոսներ, խաղավար եւ ծաղրածուներ՝ ստեղծելով ուրախ եւ անկաշկանդ միջավայր։ Ողջ օրվա ընթացքում Օրրան էին այցելում Հայաստանից եւ արտերկրից ժամանած բազմաթիվ հյուրեր՝ շարունակաբար շնորհավորելով երեխաներին եւ դառնալով միջոցառման ակտիվ մասնակիցներ։
Հունիսմեկյան տրամադրությունը լրացնում էին նաեւ գործընկեր կազմակերպությունները՝ «Թամարա» ընկերությունն իր անուշահամ պաղպաղակներով եւ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ» ընկերությունն իր զովացուցիչ ըմպելիքներով, որոնց հյուրասիրությունն ամբողջացրեց երեխաների տոնը։
Օրն ամփոփեցինք այն համոզմամբ, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու նրանց համար ստեղծված ջերմ եւ ապահով միջավայրը համատեղ պատասխանատվություն են, որը հնարավոր է միայն շարունակական ուշադրության, հոգատարության եւ նվիրումի շնորհիվ։






























