ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի՝ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ընտրության հարցին՝ երկիրը համեմատելով օդանավակայանում իր վերջնական ուղղությունը դեռևս չորոշած ուղևորի հետ։
«Պատկերացրեք՝ օդանավակայան է, սպասասրահ, մի քանի ուղևորներ անցել են բոլոր ստուգումները և պատրաստվում են նստել ինքնաթիռ։ Հանկարծ նրանցից մեկը, որը պետք է թռչեր B կետ, հայտարարում է, որ, հավանաբար, ցանկանում է մեկնել G կետ։ Մյուսները հարցնում են՝ ի վերջո ո՞ւր եք թռչում՝ B, թե՞ G։ Իսկ նա պատասխանում է, որ դեռ չգիտի, գուցե շարունակի թռչել նաև B ուղղությամբ»,– ասել է Զախարովան։
Ռուս դիվանագետի խոսքով՝ յուրաքանչյուր պետություն կամ անձ իրավունք ունի սեփական ընտրությունն անելու, սակայն այդ իրավունքը չպետք է վերածվի մանիպուլյացիայի։
«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրության՝ օրենքի շրջանակում։ Սակայն անընդունելի է, երբ բարի մտադրություններն ու օրինականությունը օգտագործվում են ոչ ազնիվ նպատակներով։ Եթե ցանկանում ես հասնել G կետ B կետի միջոցով, դա նույնպես հնարավոր է, դա կոչվում է տարանցում։ Բայց դրա համար գոյություն ունեն հստակ կանոններ և տրամաբանություն»,– նշել է նա։
Զախարովան ընդգծել է, որ խնդիրը ոչ թե «երկու աթոռի վրա նստելու» փորձն է, այլ այն, երբ հայտարարված նպատակներն ու իրական մտադրությունները չեն համընկնում։
«Սա նույնիսկ երկու աթոռի վրա նստելու փորձ չէ։ Դա ավելի վատ է, քանի որ նման վարքագիծը կարող է վնասել նաև մյուսներին»,– եզրափակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Վերջին շաբաթներին Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պետք է հստակեցնի իր հետագա արտաքին տնտեսական և քաղաքական ուղղությունը՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումների և Եվրասիական տնտեսական միությունում անդամակցության համատեքստում։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի






























