Armenian text to speach

«Փաշինյանը պետք է մտածի Հայաստանի ապագայի, ոչ թե միայն իր մասին»․ Ստեպաշին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է առաջնորդվի ոչ թե միայն սեփական քաղաքական հեռանկարներով, այլ Հայաստանի ապագայի շահերով։

«Փաշինյանը պետք է մտածի Հայաստանի ապագայի, ոչ թե միայն իր մասին»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ստեպաշինը։

Նա հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք ռուսական ռազմական ներկայությունը պետք է պահպանվի Հայաստանում, եթե Երևանը շարունակի քաղաքական մերձեցումը Եվրամիության հետ։

«Տեսնենք, թե ինչպես կանցնեն ընտրությունները Հայաստանում։ Մենք նաև առաջարկել էինք Հայաստանում հանրաքվե անցկացնել՝ Եվրամիությանը միանալու կամ չմիանալու հարցով։ Կտեսնենք, թե ինչ կլինի հետագայում»,- նշել է Ռուսաստանի նախկին վարչապետը։

Վերջին շրջանում Երևանը հայտարարում է Եվրամիության հետ ինտեգրման ուղղությամբ շարժվելու մասին։ 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է օրենք, որով մեկնարկում է երկրի՝ ԵՄ անդամակցության գործընթացը։

Միևնույն ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) և փորձում է հնարավորինս համատեղել ԵԱՏՄ անդամակցությունն ու եվրոպական ինտեգրումը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին հայտարարել էր, որ ԵՄ-ին ինտեգրումը ինքնաբերաբար կբերի Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության դադարեցման, ինչի հետևանքով Երևանը կկորցնի այն տնտեսական արտոնությունները, որոնցից օգտվել է միության անդամակցության ողջ ընթացքում։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս