ԱՄՆ վարչակազմը աշխատում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ օրինագծի վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ռուբիոյի խոսքով՝ Սպիտակ տան իրավախորհրդատուների վարչությունը միջգերատեսչական մակարդակով համագործակցում է սենատոր Լինդսի Գրեհեմի գրասենյակի հետ՝ օրինագծի մանրամասների մշակման շուրջ՝ ներկայացնելով այն դրույթները, որոնք ընդունելի կլինեն վարչակազմի համար։
«Նախագահը նշել է այդ նախաձեռնությունը և տվել է իր համաձայնությունը»,- ասել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ ներկայում շարունակվում է օրինագծի վերջնական ձևակերպումների համաձայնեցումը։ Միաժամանակ Վաշինգտոնը մտադիր է պահպանել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշման քաղաքականությունը՝ չնայած ռուսական նավթի վաճառքի հետ կապված որոշ ժամանակավոր արտոնություններին։
Սենատոր Գրեհեմի գնահատմամբ՝ նախաձեռնությունը վայելում է «հսկայական երկկուսակցական աջակցություն» և Սենատում մոտ է ընդունմանը։
ԱՄՆ-ը մայիսի կեսերին երկրորդ անգամ երկարաձգել է ռուսական նավթի վաճառքի հետ կապված որոշ գործարքների թույլտվությունները։ Նմանատիպ արտոնություն տրամադրվել էր նաև ապրիլին, իսկ առաջին անգամ՝ մարտին։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը այդ որոշումը բացատրել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ և համաշխարհային էներգետիկ շուկայում հնարավոր վառելիքային դեֆիցիտը կանխելու անհրաժեշտությամբ։
Վառելիքի գների աճը սկսվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողությունների ֆոնին։ Տարածաշրջանային լարվածությունը հանգեցրել է նաև Հորմուզի նեղուցի աշխատանքի խաթարմանը, որը համարվում է նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման կարևորագույն միջազգային ուղիներից մեկը։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի






























