Ռուսաստանը պատրաստ է իր տարածքում հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ ենք աջակցել Բաքվին և Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար հարցերի լուծման գործում, ինչպես նաև պատրաստել և տրամադրել ռուսական հարթակ խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- ասել է Գալուզինը։
Ռուս պաշտոնյան նշել է, որ Մոսկվան հետևողականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված ջանքերին՝ հիմնված 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների վրա։
Գալուզինը նաև անդրադարձել է «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափին, որի կազմում են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը։
Նրա խոսքով՝ Մոսկվան մեծ ներուժ է տեսնում այս հարթակում, քանի որ այն միավորում է Հարավային Կովկասի երկրներն ու նրանց պատմական հարևաններին։
«Այս մեխանիզմը կոչված է նպաստելու տարածաշրջանի խնդիրների լուծմանը հենց տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների ուժերով՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության»,- ընդգծել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի






























