Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:
Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 2-ին Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Հերացու փողոցի հարակից կիսաքանդ շինության մուտքի մոտ։ Նշված վայրում հայտնաբերվել են 2 հրացան, ինքնաշեն ատրճանակ, 3 նռնակ, տարբեր տրամաչափի 500 փամփուշտ և այլ զինամթերք։
Ապօրինի պահվող զենք-զինամթերք է կամավոր հանձնվել նաև Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյուքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Աճառյան փողոցի հարակից կիսաքանդ շինությունում։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, 2 նռնակ, պայթուցիչ, տարբեր տրամաչափի 215 փամփուշտ։
ՆԳՆ ոստիկանությունը հավաստիացնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման աշխատանքները շարունակվելու են առավել հետևողականությամբ և հորդորում է՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։






















