Ո՞ր պաշտոնյաներն են ջերմոցային տնտեսությունների սեփականատերեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի ղեկավար Պողոս Գևորգյանը Armlur.am-ի հետ զրույցում  դրական է համարում ցանկացած ջերմոցային տնտեսության ստեղծումը, սակայն դրան զուգահեռ պետք է  պահպանել եղած ջերմոցները:

Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա որոշմամբ «Կագա Ագրո» ընկերությունը նախատեսում է ստեղծել նոր ջերմոցային տնտեսություն:

«Կագա Ագրո» ընկերության մասին Պողոս Գևորգյանը լսում է առաջին անգամ, բայց ցանկանում է, որ նոր կառուցվող ջերմոցային տնտեսությունը չաշխատի ի վնաս փոքր ջերմոցային տնտեսությունների` մասնավորապես նոր ջերմոցային տնտեսության արտադրանքը չմտնի ներքին շուկա:

«Լավ կլինի, որ նոր ջերմոցային տնտեսության արտադրանքն արտահանվի: Հանկարծ փոքր ջերմատների գլխին խաղ չխաղան»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Պողոս Գևորգյանը մտահոգիչ է համարում ջերմոցային տնտեսությունների ներկա վիճակը:

«Եթե այսպես շարունակվի,  գործող ջերմոցները կոչնչանան»,- ասաց ջերմատնային ասոցիացիայի  ղեկավարը` հավելելով, որ այս պահին  ամենակարևոր խնդիրը  գազի  բարձր սակագինն է: Երկրորդ կարևոր խնդիրը` նոր տեխնոլոգիաների  չկիրառումն է, որի պատճառը ֆինանսների բացակայությունն է:

Բարեբախտաբար, Հայաստանի  ջերմոցների արտադրանքը ամբողջությամբ սպառվում է  ներքին շուկայում, ավելին` Իրանից և Թուրքիայից ևս հայկական ջերմոցային արտադրանքի պահանջարկ կա, սակայն մեր ջերմատները չեն կարողանում այն ամբողջությամբ բավարարել նախ և առաջ գազի բարձր սակագնի պատճառով:

-Պրն Գևորգյան, նոր կառավարությունից ու նորանշանակ վարչապետից ջերմատների տերերն ի՞նչ սպասելիքներ ունեն:

-Դե վարչապետը էլի ինչ-որ չափով գյուղատնտեսությունից  հասկանում է: Դե տեսնենք ինչ կլինի: Գիտեմ, որ գյուղնախարարը պատրաստվում է նորից մեր խնդիրների համար դիմել կառավարություն, քանի որ  նախորդ կառավարությունը մեր բարձրացրած խնդիրներից ոչ մեկը չլուծեց:

Տեղեկացնենք, որ Հայաստանում  կա 950-1000  ջերմոցային տնտեսություն, որոնց մի մասը փոքր ջերմոցներ են և ավելացված արժեքի հարկ չեն մուծում, քանի որ նրանց շրջանառությունը  58 մլն  դրամից ավելին չէ:

Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն` բացի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից, ջերմոցային տնտեսություններ ունեն Սերժ Սարգսյանը, նրա փեսա Միքայել Մինասյանը, նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը:

Սոնա Դավթյան




Լրահոս