ԱՄՆ-ն և Իրանը երկրորդ օրն անընդմեջ փոխադարձ ռազմական հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում՝ վտանգի տակ դնելով ապրիլին ձեռք բերված հրադադարը։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ իրականացրել է «ինքնապաշտպանական հարվածների» նոր շարք՝ թիրախավորելով Իրանի հարավային հատվածում գտնվող ռազմական, հետախուզական և ռադիոտեղորոշիչ օբյեկտներ։
Հարվածներից ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան ուժերը շարունակելու են «կոշտ հարվածներ» հասցնել Իրանին՝ ընդգծելով, որ Թեհրանը չափազանց երկար ժամանակ է ձգձգում հակամարտության վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները։
Իրանը պատասխանել է՝ նոր հրթիռային և անօդաչու հարվածներ հասցնելով տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Իրանական կրակի տակ կրկին հայտնվել են Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է նաև, որ բալիստիկ հրթիռներով հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան հրամանատարական կենտրոնին՝ Մուվաֆաք Սալթի ավիաբազային։ Իրանական կողմի պնդմամբ՝ ոչնչացվել են ամերիկյան ռազմական ինքնաթիռներ և ենթակառուցվածքներ, սակայն այս տեղեկությունները դեռևս անկախ աղբյուրներով չեն հաստատվել։
Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ իրանական անօդաչու թռչող սարքերի խոցումից հետո բեկորներ են ընկել մայրաքաղաք Մանամայի և Համադ Թաունի բնակելի հատվածներում՝ վնասելով տներ և ավտոմեքենաներ։ Վիրավորվել է 11-ամյա մի աղջիկ, որը ստացել է թեթև վնասվածքներ։
Քուվեյթի բանակն էլ հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են «թշնամական օդային թիրախներ»։ Երկիրը ժամանակավորապես փակել էր իր օդային տարածքը, սակայն ավելի ուշ այն վերաբացվել է։
Միաժամանակ, Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են Թեհրանում, Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում և Հորմուզի նեղուցի հարակից շրջաններում տեղի ունեցած պայթյունների մասին։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ հարվածել է Հորմուզի նեղուցով անցնող երկու նավթատար նավերի։ Ավելի վաղ իրանական պետական լրատվամիջոցները հայտնել էին, թե նեղուցն ամբողջությամբ փակվել է բոլոր տեսակի նավերի համար, սակայն ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ առևտրային նավերը շարունակում են անցնել նեղուցով։
Լարվածության ֆոնին նավթի համաշխարհային գներն աճել են։ Brent տեսակի նավթի գինը բարձրացել է մինչև շուրջ 95 դոլար մեկ բարելի դիմաց՝ գրանցելով մոտ 2 տոկոս աճ։
Իրադարձությունների զարգացումները կասկածի տակ են դնում ապրիլին ձեռք բերված հրադադարի կենսունակությունը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքը «ավելի ու ավելի է խորանում ճգնաժամի մեջ»։
«Մենք չպետք է թերագնահատենք այն վտանգը, որ սահմանափակ բախումները կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմի։ Բոլոր կողմերը պետք է վերադառնան դիվանագիտական ճանապարհին։ Այլևս ոչ մի հարձակում, այլևս ոչ մի արդարացում»,– նշել է Գուտերեշը։
Հեղինակ՝ Անի Վարդանյան




























