Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում երկրորդ օրն անընդմեջ շարունակվել են հակամիգրացիոն բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվել են անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով։
Չորեքշաբթի երեկոյան ոստիկանությունը ստիպված է եղել ջրցան մեքենաներ կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Սև հագուստով և դիմակավորված տասնյակ ցուցարարներ քարեր և շշեր են նետել իրավապահների ուղղությամբ, ինչպես նաև հրկիզել մեքենաներ և աղբամաններ։
Լարվածությունը սկսվել է այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում տարածվել է դաժան տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մի տղամարդ փողոցի մեջտեղում դանակով հարձակվում մեկ այլ տղամարդու վրա՝ վնասվածքներ հասցնելով նրա դեմքին և պարանոցին։
Դեպքի առթիվ ձերբակալվել է 30-ամյա սուդանցի տղամարդ, որը դատարանում ներկայացվել է որպես Հադի Ալոդիդ։ Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար։
Հարձակման զոհը՝ Սթիվեն Օգիլվին, ծանր վնասվածքներ է ստացել աչքերի շրջանում, ինչպես նաև կտրվածքներ՝ դեմքի և մեջքի հատվածներում։ Նա շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում։
Տուժածի ընտանիքը դատապարտել է հետագա անկարգությունները՝ հայտարարելով, որ թեև ցնցված են կատարված հարձակմամբ, սակայն չեն ցանկանում, որ այդ դեպքն օգտագործվի հասարակության մեջ բաժանարար գծեր ստեղծելու կամ միգրանտների նկատմամբ թշնամանք հրահրելու համար։
«Մեր երկրում կան բազմաթիվ միգրանտներ, որոնք կարևոր ներդրում ունեն հասարակության կյանքում, այդ թվում՝ առողջապահության և սպասարկման ոլորտներում։ Մենք չենք ցանկանում, որ այս ողբերգությունը ծառայեցվի մարդկանց իրար դեմ հանելու նպատակներին»,– նշել է ընտանիքը։
Միացյալ Թագավորության վարչապետը տեղի ունեցած անկարգությունները որակել է «լիովին անընդունելի» և կոչ արել պահպանել հանգստություն։
«Չկա որևէ արդարացում այն բռնությունների և հրկիզումների համար, որոնք տեղի ունեցան Բելֆաստում։ Պետք է թույլ տանք, որ ոստիկանությունը կատարի իր աշխատանքը»,– գրել է Սթարմերը X սոցիալական հարթակում։
Անկարգությունների հետևանքով Բելֆաստում վիրավորվել է առնվազն երկու ոստիկան, ևս երկու ոստիկան վնասվածքներ են ստացել Շոտլանդիայի Գլազգո քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ։
Իրավապահ մարմինները շարունակում են վերահսկել իրավիճակը՝ մտավախություն ունենալով, որ հակամիգրացիոն ցույցերը կարող են շարունակվել նաև առաջիկա օրերին։
Հեղինակ՝ Անի Վարդանյան




























