Նորանշանակ նախարարը սպասելո՞ւ է «պապայի դաբրոյին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնի է բնապահպանության նորանշանակ նախարարի` Արամայիս Գրիգորյանի անունը: Վերջինս  Արարատի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում:

Armlur.am-ը  Համահայկական բնապահպանական ճակատի  (ՀԲՃ)  համակարգող խորհրդի անդամ, բնապահպան Լևոն Գալստյանից հետաքրքրվեց` ի՞նչ սպասելիքներ ունեն բնապահպանները նորանշանակ նախարարից:  Լևոն Գալստյանն ասաց, որ ծանոթ չէ այդ պաշտոնյայի գործունեությանը, բայց սրտատրոփ չէր էլ սպասում` ո՞վ է նշանակվելու  բնապահպանության նախարարի պաշտոնում. «Ես հիմա հայտնում եմ ՀԲՃ-ի կարծիքը: Ներկայիս համակարգում չի իրականացվում բնապահպանական քաղաքականություն: Նախարարը կարող է միայն իր գիտելիքների ու խարիզմատիկ լինելու շնորհիվ քայլեր կատարել: Բայց  ներկա համակարգում  ռեալ փոփոխություններ անել հնարավոր չէ»:

-Որո՞նք են այն երեք խնդիրները, որոնք  պետք է լուծի նորանշանակ նախարարը:

-Առաջին խնդիրը հետևյալն է` նախարարը պետք է հասկանա` կարո՞ղ է այս կառավարության օրոք և այս համակարգում  իրականացնել բնապահպանական քաղաքականություն` մասնավորապես  կգերադասի մարդկանց առողջությունը, թե՞ կնախընտրի բիզնես գործունեությունը:

Երկրորդ` եթե ինքը հասկանա, որ ի վիճակի է ինչ-որ ռեալ փոփոխություններ անել, ապա պետք է հանքարդյունաբերության  ոլորտը վերահսկել, քանի որ հանքարդյունաբերական շատ ընկերություններ օրենքից դուրս են: Անգամ հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարներն իրենց հարցազրույցներում այնպիսի բաներ են ասում, որ կարելի է քրեական պատասխանատվության ենթարկել: Օրինակ, Մաքսիմ Հակոբյանի վերջին հարցազրույցը, որի հիման վրա կարելի է քրեական գործ հարուցել: Երրորդ` ընդհանուր գաղափարախոսությունն է, որը պետք է հասկանա նախարարը` մասնավորապես Հայաստանի տարածքային և այլ ռեսուրսների շատ սուղ լինելու պայմաններում ինչ չափով կարելի է մեր էկոհամակարգից օգտվել:

-Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ բազմաթիվ բողոքի ակցիաներ կազմակերպեցին բնապահպանները, արդյոք նորանշանակ նախարարի դեմ ևս  կլինեն նման ակցիաներ: Այսինքն` ի՞նչ սպասի  Արամայիս Գրիգորյանը  բնապահպաններից:

-Նախ ասեմ, որ  հիմա ժամանակն է  ռեալ քայլեր անելու, քանի որ ակցիաների ժամանակն էլ է անցել: Երկրորդ` չանձնավորենք իհարկե, բայց իմ կարծիքով Արամ Հարությունյանը չպետք է լիներ բնապահպանության նախարար, քանի որ  ինքը չէր կրում բնապահպանական գաղափարախոսություն: Միայն  այն դեպքում կարող էր այդ ոլորտը  ղեկավարել, եթե լիներ լավ մենեջեր:

-Մի առիթով Տաշտուն համայնքում  անօրինական կառուցվող ֆաբրիկայի առնչությամբ ասել էիք. «հասկացանք, «պապան» (նկատի է ունեցել Սերժ Սարգսյանին-խմբ.) վերևից թույլ է տվել, բայց  գոնե փաստաթուղթ պետք է ունենալ»: Այս համատեքստում կարելի՞ է ենթադրել, որ Արամայիս Գրիգորյանը ևս  ռեալ փոփոխություններ անելու համար սպասելու է Սերժ Սարգսյանի «դաբրոյին»:

-Ես Արամայիս Գրիգորյանին չեմ ճանաչում, դրա համար չեմ  կարող ասել` նա ինչպես կաշխատի:

 Սոնա Դավթյան




Լրահոս