Բժիշկների անփութությունից մահացած երեխայի հայրը կհասնի մինչև Եվրադատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բժիշկների անփութության հետևանքով մահացած 2-ամյա Լիա Միսակյանի հայրը` Գեորգի Միսակյանը, համոզված է, որ քրեական գործն անգամ Եվրադատարան կհասնի:

Armlur.am-ի հետ զրույցում Միսակյանը բացասական գնահատեց այսօրվա և, առհասարակ, բոլոր դատական նիստերին:

Հիշեցնենք, որ Արաբկիր բուժհաստատության բոքսային բաժանմունքի մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ոչ պատշաճ կատարելով մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ նրանց անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացրել են բուժվող հիվանդ Լիա Միսակյանի մահը։

Մահացածի հայրը մեզ հետ զրույցում բացառեց մեղադրյալների այն ցուցմունքի հավաստիությունը, թե Լիայի գրիպը կարող էր H1N1 լինել:

«Նրանք իրավունք չունեն այդպիսի հայտարարություն անել, քանի որ թռչնի գրիպն այդ ժամանակ չկար, էրեխես այդպիսի հիվանդություն չի ունեցել: Բացի այդ, նման հիվանդությունը հայտնաբերելու համար նրանք նախ պետք է արյան անալիզի պատասխան ունենային: Թե որտեղի՞ց են վերցրել, ի՞նչ են իրանք իրանցից դուրս տալիս, չեմ հասկանում»,- վրդովված ասաց Լիայի հայրը:

Վերջինս համոզմունք հայտնեց, որ բժիկների այն խոսքը, թե լաբորատորիան աշխատել է և իրենք արյան անալիզը վերցրել են՝ բացարձակ սուտ է: Միսակյանը նաև հայտնեց, որ սուտ է նաև բուժաշխատողների այն ցուցմունքը, թե այդ ժամանակ հիվանդանոցում շատ են եղել հիվանդները և իրենք չեն հասցրել ժամանակին միջոցներ ձեռնարկել: Երեխայի հայրը հայտնեց, որ ինքն այդ ժամանակ հիվանդանոցում է եղել, և այցելուներ գրեթե չեն եղել:

«Էտ երկու օրվա մեջ մեկ կամ երկու երեխա են բերել հիվանդանոց: Իրանք ճիշտ են ասում, որ կինս ցանկացել է երեխային տուն տանել: Պատճառն այն է եղել, որ նրանք միշտ նույն դեղն էին նշանակում ու ուրիշ ոչ մի բան չէին անում: Կինս էլ ասել էր, որ եթե ուրիշ բան չեք անելու, ուրեմն` տանում ենք տուն: Բայց բժիշկներն ասեցին, թե ճիշտ կլինի` իրենց հսկողության տակ լինի էրեխեն: Ուղղակի ինձ ուշ ասացին, որ ամեն ինչ շատ վատ է»,- ասաց մահացած երեխայի հայրը:

Տաթև Հարությունյան




Լրահոս