Դիլիջանի համայնքապետարանը Երևանի քաղաքացիական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Դիլիջան Դևելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ի՝ պահանջելով լուծել 2018 թվականի սեպտեմբերի 7-ին կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը և անվավեր ճանաչել ընկերության իրավունքի պետական գրանցումը։
Խոսքը վերաբերում է Դիլիջան քաղաքի Գետափնյա 19/4 հասցեում գտնվող 4572,1 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասին (ծածկագիր՝ 11-003-0305-0049), որի նկատմամբ կառուցապատման իրավունք էր ստացել «Դիլիջան Դևելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն։
Մեր տեղեկությունների համաձայն՝ «Դիլիջան Դևելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն կապվում է հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի հետ, որը ներկայումս գտնվում է Բաքվում կալանքի տակ։ Ընկերությանը կառուցապատման իրավունքով պատկանում է Դիլիջանի կենտրոնում գտնվող արհեստական լճակի հարակից տարածքը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանն ու նրա ընտանիքը տարիներ շարունակ միլիոնավոր դոլարների ներդրումներ են կատարել Դիլիջանի զարգացման ծրագրերում՝ աջակցելով կրթական, մշակութային և քաղաքաշինական նախաձեռնություններին։ Այդուհանդերձ, Դիլիջանի համայնքապետարանը վերջին շրջանում դատական գործընթացներ է նախաձեռնել Վարդանյանի հետ առնչվող մի շարք կազմակերպությունների դեմ։
Մասնավորապես, համայնքապետարանը Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան քաղաքացիական հայց է ներկայացրել նաև «Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամի դեմ։ Հայցով պահանջվում է հիմնադրամից հօգուտ համայնքապետարանի բռնագանձել 63 միլիոն 227 հազար 898 դրամ՝ որպես վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների արժեք, ինչպես նաև փոխհատուցել նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 1 միլիոն 896 հազար 837 դրամի չափով։
Գործը 2025 թվականի փետրվարի 2-ին ընդունվել է դատարանի վարույթ։ Դատարան է ներկայացվել նաև դիմում-միջնորդություն՝ լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալ։
«Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամը ևս կապվում է Ռուբեն Վարդանյանի հետ։ Կազմակերպությունը սերտ համագործակցություն է ծավալել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հետ։ Դիլիջանի միջազգային դպրոցի գործունեությունը, մասնավորապես, ապահովվում է «Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա» և «Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամների միջոցով։
Դիլիջանի համայնքապետարանի նախաձեռնած այս դատական գործընթացները նոր հարցեր են առաջացնում քաղաքի զարգացման ծրագրերում ներգրավված կառույցների և համայնքային իշխանությունների հարաբերությունների շուրջ։
Ոսկան Սարգսյան




























