ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշավոր վերաբերմունք է ցուցաբերել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկած ծրագրի նկատմամբ, որը նախատեսում է Հորմուզի նեղուցի ականազերծում և միջազգային նավագնացության անվտանգության ապահովում Իրանի հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագրից հետո։
G7-ի գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ մեծածավալ միջազգային ներգրավվածության անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ, իր խոսքով, Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ նեղուցը շուտով կբացվի և անվտանգ կդառնա առևտրային նավերի համար։
«Չեմ կարծում, որ մեզ մեծ օգնություն է պետք։ Բայց վատ գաղափար չէ, եթե մի քանի երկրներ մեկ-երկու նավ ուղարկեն տարածաշրջան», – ասել է Թրամփը՝ դիմելով Մակրոնին։
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ամիսներ շարունակ աշխատել են առանձին ռազմածովային առաքելության ծրագրի վրա, որի նպատակն է վերականգնել նավագնացության անվտանգությունը Հորմուզի նեղուցում։ Նախաձեռնությունը նախատեսում է ականազերծման աշխատանքներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում առևտրային նավերի ռազմական ուղեկցում։
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և ավելի ուշ նաև Կանադան համատեղ հայտարարությամբ աջակցել են նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ պատրաստ են մասնակցել նեղուցի շուտափույթ վերաբացմանն ու նավագնացության ազատության ապահովմանը։
Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է արագ արձագանքել։ Նրա խոսքով՝ ֆրանսիական ռազմական ինքնաթիռները կարող են արդեն առաջիկա ժամերին ներգրավվել դիտարկման գործողություններում, իսկ մի քանի օրվա ընթացքում տարածաշրջան կարող են ուղարկվել ֆրեգատներ և «Շառլ դը Գոլ» ավիակիրը։
Միաժամանակ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ նեղուցում արդեն հայտնաբերվել են ականներ, և որոնողական աշխատանքները շարունակվում են։ Նրա գնահատմամբ՝ Հորմուզի նեղուցը «արդեն մասամբ բացվել է» նավագնացության համար։
Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգետիկ շուկայի կարևորագույն երթուղիներից մեկն է, որով անցնում է աշխարհում արտահանվող նավթի զգալի մասը։
Հեղինակ՝ Անի Վարդանյան



























