Armenian text to speach

Ո՞վ է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանը, որին դատախազությունը ուզում է զրկել ազատությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 16:30-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում կքննարկվեն «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Ռաֆիկի Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունները։

Ռուսլան Բարսեղյանը ՀՅԴ անդամ է և ընդգրկված է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համամասնական ընտրական ցուցակում՝ 62-րդ համարի ներքո։ Նրա վերաբերյալ միջնորդությունները ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազությունը։

ArmLur.am-ի ուսումնասիրած փաստաթղթերից պարզ է դառնում, որ դատախազությունը ԿԸՀ-ից միաժամանակ խնդրում է համաձայնություն տալ թե՛ Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, թե՛ նրան ազատությունից զրկելուն։ Միջնորդություններին կից ներկայացվել են նաև ծավալուն հիմնավորող նյութեր։ Մասնավորապես, քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունը կազմված է 18 էջից, որին կցված են 102 էջ նյութեր, իսկ ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունը՝ 19 էջից, որին նույնպես կցված են 102 էջ հիմնավորող նյութեր։

Փաստաթղթերում նշվում է նաև, որ միջնորդությունների քննարկմանը մասնակցելու համար նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Կարեն Սուքիասյանը։

Մինչ այս պահը պաշտոնապես չի հստակեցվել, թե ինչ հիմքով են ներկայացվել միջնորդությունները, քանի որ ոչ ԿԸՀ-ն, ոչ էլ դատախազությունը այդ մասով մանրամասներ չեն հրապարակում։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԿԸՀ էր ներկայացրել հինգ պատգամավորի թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդություններ։ Նրանց թվում են նաև ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, Դավիթ Ղազինյանը և այլ թեկնածուներ, որոնց հարցերի քննարկումները ևս ներառված են ԿԸՀ այսօրվա օրակարգում։

Անի Վարդանյան




Լրահոս