Armenian text to speach

Ո՞վ է Էդգար Շաթիրյանը. նա քննելու է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հենց Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանն է զեկուցող նշանակվել այն առանցքային գործով, որով վիճարկվում են 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։

Ինչպես հայտնել է Սահմանադրական դատարանը, 2026 թվականի հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության են ընդունվել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2026 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման վերաբերյալ։

Քանի որ բոլոր դիմումները վերաբերում են նույն հարցին, դրանք միավորվել են մեկ վարույթում և քննվելու են նույն դատական նիստում։ Գործի քննությունը նշանակված է հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, բանավոր ընթացակարգով, իսկ գործով զեկուցող դատավորը լինելու է Էդգար Շաթիրյանը։

ArmLur.am-ը փորձել է պարզել, թե ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի այն դատավորը, որի վրա դրված է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ամենաքննարկվող գործերից մեկի զեկուցման պատասխանատվությունը։

Շաթիրյանը Սահմանադրական դատարանի դատավոր է 2020 թվականի սեպտեմբերի 17-ից։ Նրա վերջին՝ 2025 թվականի հայտարարագրի համաձայն, տարեսկզբին նա ունեցել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարան, իսկ տարվա ընթացքում ձեռք է բերել ևս մեկ բնակարան Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Վերջինս գնվել է «4Ա ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ից՝ 48 մլն 882 հազար 333 դրամով։ Արդյունքում 2025 թվականի ավարտին դատավորի սեփականության ներքո գտնվել են երկու բնակարաններ։

Միաժամանակ հայտարարագրում առկա են խոշոր փոխառություններ։ «ԴԻՍՔԱՎԵՐԻ» ԲԲԸ-ի նկատմամբ պահպանվել է 35 մլն 510 հազար 400 դրամի պահանջ, իսկ «4Ա ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ին տրված 1 մլն 158 հազար 333 դրամ և Արմեն Հովոյանին տրված 47 մլն 724 հազար դրամ փոխառությունները ամբողջությամբ վերադարձվել են։

Դրամական միջոցների մասով տարվա վերջում նրա բանկային հաշիվներում առկա է եղել ավելի քան 8 մլն 947 հազար դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 220 հազար դրամ։

2025 թվականին դատավորի ընդհանուր եկամուտը կազմել է 21 մլն 948 հազար 942 դրամ։ Այդ գումարից 18 մլն 667 հազար 193 դրամը Սահմանադրական դատարանից ստացած աշխատավարձն է, 3 մլն 128 հազար 889 դրամը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտը, իսկ Հայաստանի եվրոպական համալսարանից և Պետական կառավարման ակադեմիայից ստացել է համապատասխանաբար 72 հազար 750 և 80 հազար 110 դրամ։

Միաժամանակ 2025 թվականի վերջի դրությամբ Շաթիրյանն ունեցել է 24 մլն 771 հազար 211 դրամի վարկային պարտավորություն։ Տարվա ընթացքում վարկի մարման համար վճարել է 3 մլն 478 հազար 673 դրամ, ինչպես նաև հայտարարագրել է 3 մլն 500 հազար դրամի չափով մեկ այլ խոշոր միանվագ ծախս։

Հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Էդգար Շաթիրյանի ունեցվածքն աստիճանաբար աճել է։ Եթե 2022 թվականին նա հայտարարագրել էր մեկ բնակարան և շուրջ 14.2 մլն դրամ եկամուտ, ապա 2023 թվականին արդեն ձեռք էր բերել երկրորդ բնակարանը, ներգրավել ավելի քան 25.5 մլն դրամ հիպոտեկային վարկ և ունեցել 45.2 մլն դրամ եկամուտ։ 2024 թվականին վաճառել է Աջափնյակում գտնվող բնակարանը՝ ստանալով 46 մլն 138 հազար դրամ, ինչի արդյունքում նրա տարեկան եկամուտը հասել է 67 մլն 612 հազար 695 դրամի։ 2025 թվականին դատավորը կրկին ընդլայնել է իր անշարժ գույքը՝ ձեռք բերելով նոր բնակարան Քանաքեռ-Զեյթունում։

Հատկանշական է, որ 2021 թվականին Շաթիրյանի տարեկան եկամուտը կազմել էր 125 մլն 545 հազար 490 դրամ, որի հիմնական մասը գոյացել էր Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանի վաճառքից։ Նույն թվականին նա ձեռք էր բերել նոր բնակարան՝ վճարելով 98 մլն 196 հազար դրամ։

Այսպիսով, ընտրությունների արդյունքների վերաբերյալ ամենակարևոր սահմանադրական վեճերից մեկի զեկուցող նշանակված դատավոր Էդգար Շաթիրյանը ներկայումս ունի երկու բնակարան, տասնյակ միլիոնավոր դրամների չափով պահանջներ և փոխառություններ, շուրջ 25 մլն դրամի վարկային պարտավորություն, իսկ վերջին հինգ տարիների ընթացքում նրա հայտարարագրված եկամուտները միասին գերազանցել են 270 մլն դրամը։

Ա․Վարդանյան




Լրահոս